Արցախի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ համաձայնե՞լ է հանձնել Արցախը (տեսանյութ)

Նոյեմբերի 30-ին Արցախի «Արդարություն» կուսակցությունը 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը։ Վերջինս տվեց իր համաձայնությունը և հրապարակային խոսքում մասնավորապես նշեց․ «Այո, կա դեռևս չլուծված արցախյան հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ առնչությամբ մեր մոտեցումը չի փոխվել. այն է՝ Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ, իսկ մեր կողմից Ադրբեջանին բավականին զիջումներ արդեն իսկ արվել են.

զիջել ենք, երբ 1994 թվականին մայիսին ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիրը, զիջեցինք, երբ դադարեցինք դառնալ բանակցային կողմ, զիջեցինք, երբ 2016 թվականի ապրիլին համաձայնեցինք կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումը Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ:

Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, հասկանա այն անվիճելի, աքսիոմատիկ ճշմարտությունը, որ արցախյան հիմնախնդրի լուծման ցանկացած այլ մոտեցում ուղղակիորեն վտանգում է արցախահայության ֆիզիկական գոյությունը»։

Դեկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին:

Հանդիպմանը չէր հրավիրվել նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, և այդ կապակցությամբ «Ազատությանը» վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ասել է․ «Չի հրավիրվել։ Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա մայիսին 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող, աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»,- հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը։

Ի՞նչ զարգացումներ են սպասում Արցախում, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Արցախում բոլոր ռեսուրսները կոնսոլիդացնում իր սրտի թեկնածու Արայիկ Հարությունյանի շուրջ։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում