ՌԴ-ն հույս ունի, որ Ադրբեջանը, Հայաստանը և ԵԱՀԿ ՄԽ երկրները Բրատիսլավայում հնգակողմ հայտարարություն կընդունեն. Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը, Հայաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Բրատիսլավայում հանդիպման ժամանակ հնգակողմ հայտարարություն կընդունեն ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ բացի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից Բրատիսլավայում, տեղի կունենա նաև երկու նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ «Մենք ամեն տարի ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդում (ԱԳՆԽ) ձգտում ենք գրանցել հավատարմությունը  հիմնարար սկզբունքներին, որոնք կողմերի հավանությանն են արժանացել տարիներ առաջ և պահպանում են իրենց կենսունակությունն ու արդիականությունը,- նշել է Լավրովը։- Եթե ստացվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարար և երեք համանախագահ-նախարար»։

«Եթե ինչ-ինչ պատճառներով դա անհնար լինի, ապա երեք համանախագահներ ամեն դեպքում իրենց դիրքորոշումը կամրապնդեն փաստաթղթով։ Բայց հույս ունեմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը նշել է նաև, որ երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև կարևոր է տարածաշրջանում հակամարտության կարգավորման համար։