Մովսես Գորգիսյանը հայի այն տեսակն է, որի կարիքը միշտ կա

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ուղերձում նշված է․

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց Եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու»:

Նա առաջնորդեց ժողովրդի` անկախ և ինքնիշխան Հայաստան ունենալու երազանքը, հետո արդեն հարթակային պայքարը շարունակեց ռազմադաշտում: Դարձավ զինված պայքարի առաջամարտիկներից և առաջիններից մեկն էլ ընկավ`զենքը ձեռքին:

Շնորհավորում եմ հայ ժողովրդին Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի  ծննդյան օրվա առթիվ: Նա հայի այն տեսակն է, որի կարիքը միշտ կա:

Փառք ու պատիվ քեզ, հերո՛ս»: