Մոսկվան և Բաքուն փոխզիջման հնարավորություն են տեսնում ԼՂ կարգավորման հարցում. Լավրով

Ռուսաստանը և Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա:  Այդ մասին դեկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չէ: Այդ հակամարտությունն առավել երկարատևներից մեկն է ԱՊՀ տարածքում,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:-Այսօրվա և երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»,-ասել է Լավրովը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 2-ին Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կարգավորման հարցում, բայց ակնկալում է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել հակամարտության լուծմանը: