Հայաստանում ՌԴ դեսպանությունն արձագանքել է Գրիբոյեդովի արձանի պղծման դեպքին

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համակարծիք է պաշտոնական Երևանի հետ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու առնչությամբ մեկնաբանություն է տարածել։

«Համաձայն ենք պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, որը չափազանց հստակ բնորոշում տվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա. Ս. Գրիբոյեդովի արձանի դեմ այս տգեղ արարքին։ Կարծում ենք, որ հայ հանրության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք պատմական խոր արմատներ ունեն»,– նշված է դեսպանության մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք` քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը` ընդդիմադիր գործիչ Շանթ Հարությունյանի որդին, երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ կարմիրով է ներկել «Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկման»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այսօր դատապարտել է տեղի ունեցածը` նշելով, որ վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- նշել էր Վլադիմիր Կարապետյանը։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սևով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը վրդովմունք էր հայտնել միջադեպի կապակցությամբ։