ԱՄՆ-ում խուճապ առաջացրած ռուսական հրթիռը

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կողմից նորագույն գերձայնային հականավային 3M22 «Ցիրկոն» հրթիռների մոտալուտ սպառազինության ընդունման մասին տեղեկատվությունը Արևմուտքում անհանգստություն է առաջացրել: Ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ առանձին հրապարակումներ են նվիրել այս թեմային: ԱՄՆ-ում հատկապես մտահոգություն էր առաջացրել այն ​​փաստը, որ «Ցիրկոն» ՀՆՀ տեղափոխող նավերն առաջին հերթին մտնելու են Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմի մեջ: Ըստ «Military Watch Magazine» ամսագրի՝ գերձայնային հրթիռների տեղակայումը էական ազդեցություն կունենա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) ուժային բալանսի վրա: Սա վկայում է Ռուսաստանի հավանական հակառակորդների համար սպառնալիքների անխուսափելի բնույթի մասին, որոնք ներկայացնում է նոր հրթիռը, նշում է ամերիկյան պարբերականը:

«Military Watch Magazine»-ը շեշտում է, որ «Ցիրկոնը» ունի մարտատեխնիկական գերազանց հատկանիշներ. 1000 կմ-ից ավելի գործուղության տիրույթ և 8-9 թափ թռիչքի արագություն: Սա բավական է՝ մեծ ռազմանավ երկու կես անելու և մեկ հաջողված հպումով միջուկային ավիատարը շարքից հանելու համար։ Ըստ պարբերականի՝ «Ցիրկոնի» բարձր մանևրելիությունը և ռադիոէլեկտրոնային պատերազմի դեմ պայքարի ժամանակակից միջոցներն այս հրթիռի որսումը գործնականում անհնար են դարձնում աշխարհի ամենաառաջադեմ հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՊՀ) համար: Ավելին, նույնիսկ հրթիռի 3 թափ արագությունը լուրջ խնդիր է ստեղծում ԱՄՆ և նրա դաշնակիցների կործանիչների և ինքնաթիռների վրա տեղադրված Aegis հրթիռային պաշտպանության համակարգի համար: «Ցիրկոն» գերձայնային հրթիռի արդյունավետության մասին  խոսում են պարզ հաշվարկները: 340 մետր վայրկյան ձայնի արագությամբ 9 թափ արագությունը հավասար է 3060 մետր վայրկյանին: Մեկ րոպեի ընթացքում հրթիռը թռչելու է 183,6 կմ: 9 թափ արագությամբ 1000 կմ հեռավորությունը «Ցիրկոնը» հաղթահարում է 5-6 րոպեում:

Ավելի վաղ՝ 2019-ի սեպտեմբերին, ամերիկյան «The Drive» ռեսուրսը, վկայակոչելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) կողմից գաղտնազերծված փաստաթղթերը, գրել էր, որ «Ցիրկոն» հակաօդային հրթիռները ռադիոլոկացիոն անտեսանելիության ապահովման նպատակով կարող են օգտագործել պլազմային գաղտագողի վահան, որը ենթադրում է, մասնավորապես, օգտագործում որպես ալկալային մետաղների վառելիքի հավելանյութ, օրինակ՝ ցեզիում: Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կողմից «Ցիրկոն» գերձայնային հրթիռների սպառազինության ընդունմամբ մտահոգված ամերիկյան «Forbes» ամսագիրն իր հոդվածն անվանել է. «Ռուսաստանի ՌԾՆ Խաղաղ օվկիանոսում տեղակայելու է «Ցիրկոն» նոր  գերձայնային հրթիռը»: Հրապարակման մեջ նշվում է, որ հրթիռը կարող է թռչել ցածր բարձրությունների վրա կամ կիսաբալիստիկ հետագծերի երկայնքով, որը ներառում է խուսանավման մանյովրներ թռիչքի ընթացքում: Պարբերականը եզրակացրել է, որ ֆենոմենալ արագության հետ հանրագումարում դրանք հրթիռին դարձնում են առանձնապես դժվար խոցելի: Հրապարակումը նաև կարծում է, որ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում ամերիկյան, ճապոնական, հարավկորեական և ավստրալական ռազմածովային ուժերի կողմից օգտագործված Aegis հրթիռային պաշտպանության համակարգը կարող է խնդիրների առաջ կանգնել «Ցիրկոն» հրթիռները բռնելու փորձի դեպքում։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվորուչկոյի, «Ցիրկոն» նորագույն գերձայնային հրթիռների առաջին ռազմածովային փոխադրողները կլինեն 1155 նախագծի «Մարշալ Շապոշնիկով» մեծ հականավակային նավը և 949Ա «Իրկուտսկ» նախագծի բազմաթիրախային սուզանավը։ Մոդեռնիզացման ընթացքում այդ նավերը կստանան 3Ս14 ունիվերսալ նավային հրետանային համալիր (UKSK 3S14), ռուսական ուղղահայաց նավային մեկնարկային համակարգ՝ արտադրված «Մորինֆորմսիստեմա-Ագաթ» կոնցեռնի կողմից։ Համակարգը հարմարեցված է մի քանի տեսակի «Կալիբր» հրթիռներ արձակելու, ինչպես նաև «Օնիքս», «ԲրաՄոս» և «Ցիրկոն» հրթիռների համար: Երկու նավերն էլ ընդգրկվելու են Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում: Առաջին նավը նավատորմին կփոխանցվի 2020 թվականին, երկրորդը՝ 2022 թվականին: 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կալինինգրադի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի համար կառուցվող 20 385 նախագծի «Գրեմյասչիյ» կորվետը, հետագայում նույնպես կստանա «Ցիրկոն» հրթիռներ: Ըստ պայմանագրի, նավի փոխանցումը ՌԴ ՌԾՆ պետք է տեղի ունենա 2019 թվականի դեկտեմբերի 25-ին: Ի դեպ, 20 385-ի նախագծի կառուցվող երկրորդ կորվետը նույնպես անցնելու է Խաղաղօվկիանոսյան նավատորմին:

Այսպիսով, ռուսական «Ցիրկոն» գերձայնային հականավային հրթիռների զանգվածային օգտագործումը, փաստորեն, ԱՄՆ և նրա դաշնակիցների նավատորմը վերածում է որոշակի  քանակությամբ սակավաշարժ թիրախների: Նույնիսկ եթե «Ցիրկոնի» արձակումը հայտնաբերվի, ՆԱՏՕ-ի երկրների նավերը այդ հրթիռը բռնելու ոչ մի հնարավորություն չունեն: Անձնակազմի համար փրկության միակ հնարավորությունը դուրս ցատկելն է։ Ի դեպ, այս հրթիռը կարող է հարվածել նաև ցամաքային թիրախներին: Այս ռուսական զենքը կոչնչացնի ԱՄՆ-ի ծովային գերիշխանությունը Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, բայց նաև կդառնա շատ կարևոր պայման ապագա տարածաշրջանային և համաշխարհային կարգի համար:

Սերգեյ Շաքարյանց