«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է շուրջ 10 մլն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է 9.856.100 դոլար: Իրենց հանգանակությունն են բերել անձինք Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո:

12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի անցկացվել է Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը հեռարձակվել է Լոս Անջելեսից։ «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

Ընդհանուր առմամբ, հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա:

Նախորդ տարի «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: