Թրամփ․ Մենք տնտեսապես կկործանենք Թուրքիան

Թուրքիայի պատասխանը Թրամփի սպառնալիքներին չի ուշացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային սպառնացել է կործանել, եթե Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո Անկարան սիրիական քրդերի դեմ հարձակում գործի։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից «վաղուց էր հասունացել», միաժամանակ  հստակեցնելով, թե ինչ կլինի Թուրքիայի հետ, եթե շարունակի հարձակվել սիրիական քրդերի վրա, որոնք տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներն են։

«Մենք տնտեսապես կկործանենք Թուրքիան, եթե նա հարձակվի քրդերի վրա», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև դժգոհություն է հայտնել, որ Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան դարձել են Սիրիայում ԻՊ-ի դեմ վարած ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականության խոշոր շահառուները։

Անկարայի պատասխանը Թրամփի սպառնալիքներին չի ուշացել։

Ինչպես նշում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլին NTV հեռուստաալիքի եթերում քննադատել է Թրամփին։

«Թուրքիան սպառնալիքներից չի վախենում, իսկ ԱՄՆ-ը և մյուս պետությունները պետք է հարգանք դրսևորեն Անկարայի հանդեպ», – նշել այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Թուրքիայի պետական նախագահական կապի կենտրոնի ղեկավար Ֆեհրեթին Ալթունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ իր երկիրը քրդերի հետ խնդիր չունի։ Սակայն, Անկարան խնդիր ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

«Թուրքիան ոչ թե քրդերի թշնամին է, այլ պաշտպանը, իսկ ահաբեկչությունը պետք է արմատախիլ արվի»,- ընդգծել է Ալթունը։