ինձ բոլորովին դուր չեն գալիս էս հայ-ադրբեջանական մերձեցման երեկոները և ցերեկույթները

Չգիտեմ, դուք ոնց, բայց ես անհանգիստ եմ, ինձ բոլորովին դուր չեն գալիս էս հայ-ադրբեջանական մերձեցման երեկոները և ցերեկույթները, մեջս լուրջ կասկած կա, որ ինչ-որ բան է նախապատրաստվում, և այն, ինչ նախապատրաստվում է, լինելու է շատ տհաճ և վտանգներով լի։ Դիցուք բացատրեմ, լրագրողների փոխանակում ԵԱՀԿ միջնորդների ներկայացուցչի նախաձեռնությամբ, գնացին-եկան, թե ինչ տվեց դա, ինձ համար մշուշոտ է, ապա սպասվում են երկու կողմերի պատգամավորների փոխադարձ այցեր, գնալու-գալու են, դեռ մեր պատգամավորներից մեկի այցին էլ Ադրբեջանը վետո է դրել։

Ունի՞ իրավունք դա անելու, և մենք ենթարկվելո՞ւ ենք։ Պատգամավորական այս փոխադարձ մերձեցման մեջ ևս ինչ-որ մութ բան կա։ Ուրիշ խնդիր, եթե, օրինակ, Բաքվում միջազգային որևէ կառույցի նիստ է, համաժողով, և մենք մասնակցում ենք որպես պետություն, ինչպես եղել է առաջներում և ինչպես պիտի լիներ, բայց մեր ԱԳՆ-ն չմասնակցեց դրան։ Հիմա, այսօր նայում եմ հայկական և ադրբեջանական լրահոսը, Հայաստանի վարչապետի տիկինը Լա Սկալայից ուղիղ վայրէջք կատարեց դիրքեր, նկարվեց զինվորների և հրամանատարների հետ, և ինքը իր համար բացահայտենց, թե այնտեղ մի ուրիշ մթնոլորտ է։ Յա, իրո՞ք, այդ մթնոլորտը մենք գիտենք, տեսել ենք, ծանոթ ենք, նո՞ր բացահայտեցիք։ Օքեյ, բարի լինեմ և խնդիր չտեսնեմ այստեղ։ Բայց կարծես քսերոքս արված նույն բաները, նույն դիրքերով, զինվորների և հրամանատարների հետ նկարվում և խունջիկ-մունջիկ է լինում նաև Մեհրիբանը։ Եթե կուզեք, եկեք սրանում ևս այլ միտք չտեսնենք, լավ, ուրեմն, ինչո՞վ եք բացատրելու այդժամ, թե ինչո՞ւ միաժամանակ, նույն սցենարը սկսեց աշխատել Ադրբեջանում և Հայաստանում, ինչո՞ւ և ո՞ւմ հրահանգով, ի՞նչ նպատակով իրավիճակը այսպես ակտիվացավ և կողմերի գործողությունները միաժամանակ, կարծես մեկ հրահանգով դարձան «խաղաղության նախապատրաստվելու» գործողություններ։ Ի՞նչ, բանակցային գործընթացը ավարտվե՞լ է, Փաշինյան Նիկոլը գտե՞լ է հարցի կարգավորման իր լուծումը, իր իսկ զրոյական կետից առա՞ջ է գնացել, եթե՝ այո, ո՞ւր է հասել, ինչ նպատակով է հասել և արդյո՞ք նրա քայլերի մասին Արցախում տեղյակ են, գիտի՞ Արցախի իշխանությունը և գիտի՞ Արցախի ժողովուրդը, թե ինչու են ֆոտոսեսիաներ անում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների տիկնայք, գիտի՞ Արցախը, թե լրագրողները, ապա նաև պատգամավորները ինչից են խոսել կամ խոսելու, և հարց՝ հայ պատգամավորների խմբում լինելո՞ւ են Արցախի խորհրդարանի պատգամավորներ։

Սրանք հարցեր են, որ ինձ մտահոգում են, ես դրանց պատասխաններն եմ փնտրում և չեմ գտնում, չեմ գտնում պատասխան, որն ինձ կգոհացնի, իսկ այն, ինչ գտնում եմ, ինձ սարսափելի անհանգստացնում է․․․ Ի՞նչ բարի-դրացիական շփումներ են, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը այլևս չկա՞, մեր սահմանները բա՞ց են, այլևս չե՞ն կրակում, կիրթ Ալիևն ընդունե՞լ է Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի կարգավիճակը հստակեցվե՞լ է, Ադրբեջանը այլևս չի՞ զինվում․․․ Լրջացեք, մարդիկ, լրջանալու պահը բաց են թողնում միայն հոգեպես անհավասարակշիռները․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Չգիտեմ, դուք ոնց, բայց ես անհանգիստ եմ, ինձ բոլորովին դուր չեն գալիս էս հայ-ադրբեջանական մերձեցման երեկոները եւ…

Опубликовано Մարգարիտ Եսայան Среда, 27 ноября 2019 г.