Կառավարությունը չորս ընկերությունների ազատեց մաքսատուրքերից. նրանք կներկրեն մոտ 1,1 մլրդ դրամի ապրանքներ

Կառավարությունն իր այսօրվա նիստում արտոնություն տրամադրեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվի մաքսատուրքի արտոնությունից:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներկրվող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթե սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար: Արտադրությունն իրականացվելու է Երևանում, կազմակերպությունը գործում է 2012 թվականից, արդեն իսկ իրականացրել է 135 մլն դրամի ներդրումներ, ևս 50 մլն դրամի ներդրումներ պետք է անի:

«Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը դիմել է 747 մլն դրամ ընդհանուր արժեքով ապրանքների ներկրումը մաքսատուրքից ազատելու խնդրանքով: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի 74,3 մլն դրամ, իսկ բյուջեի եկամուտների նվազումը 907 հազար դրամ:

Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերում ընդգրկված են ևս երեք հարցեր, որոնցով արտոնություն տրվեցին երեք ընկերությունները:

Մասնավորապես «Արմենիա Վայն» ընկերությունն ազատվել է 265 մլն դրամի ապրանքների ներկրման մաքսատուրքից: «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռներեցն ազատվել է 77 մլն դրամ ապրանքների ներմուծման մաքսատուրքից, իսկ «Արսենալ ԼՏԴ» ընկերությունն ազատվել է 43,4 մլն դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքից:

«Հանրագումարով այդ երեք ընկերություններն ազատվել են 385 մլն  դրամի ապրանքների մաքսատուրքից, իսկ մաքսատուրքի գումարը կազմում է մոտ 30 մլն դրամ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: