Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացրել են ՔԿ լրատվական բաժնից։

Հուշագրի դրույթների հիման վրա Կողմերն իրականացնում են համագործակցություն, գործելով իրենց իրավասության շրջանակներում, պահպանելով իրենց ազգային օրենսդրությունը՝ հետևյալ հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման և քննության ուղղությամբ.

– մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,

– ահաբեկչություն և ծայրահեղականություն,

– զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի, ատոմային և ռադիոակտիվ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն,

– սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,

– կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ,

– մարդկանց առևտուր, տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործություններ, այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափում, մաքսանենգություն, կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստում, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակություն,

– շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ:

Կողմերը համագործակցություն են իրականացնելու մի շարք ուղղություններով և միմյանց ցուցաբերելու են իրավական օգնություն: