Մասոնները Երևանում խոսել են նաև քաղաքական և ռազմական թեմաներով

Փաշինյանն ԱԱԾ-ին հանձնարարելո՞ւ է պարզել Սատանայի, «Ֆրանսիայի Մեծ Արևելք» մասոնական օթյակի և որոշ շրջանակների համագործակցության հարցը

 Հայաստանում վերջերս տեղի է ունեցել մասոնների հերթական հավաքը, այն կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այս կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Իրինա Դանիելյանն (Irina Danielyan) իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասոնական հավաք է տեղի ունեցել, Հայաստան է ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ Վարպետ Քրիստոֆ Հաբբասը:

Հավաքն օրերս ավարտվել է, սակայն Հայաստան ժամանածներից ոմանք դեռ չեն մեկնել, քանի որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում, որին մասնակցելու են ավելի բարձրաստիճան մասոններ: Մասնավորապես սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզենը։ Քննարկման թեման դեռ ինձ հայտնի չի, բայց գիտեմ, որ խոսացել են քաղաքական եւ ռազմական թեմաներով։

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը իր Իտալիայի այցով խուսափել է մասոնների հետ հանդիպումից։

Նկարները մեկնաբանության դաշտում կտեղադրեմ»։

Նախ, մեկ-երկու ճշտում. ոչ թե Գի Արսիզեն, այլ Գի Արսիզե: Երկրորդ. նա մասոնական աստիճանակարգությունում իր գրաված դիրքով գուցե ավելի բարձր աստիճանի մասոն է, քան «Ֆրանսիայի Մեծ Արևելք» մասոնական օթյակի ներկայիս Մեծ վարպետ կամ ղեկավար Քրիստոֆ Հաբբասը, սակայն 2010թ. օգոստոսի 31-ին ընտրվելով հիշյալ օթյակի Մեծ վարպետ ու ղեկավարելով այն, 2012թ. օգոստոսի 30-ին թողել է այդ պաշտոնը:

Մասոնների այցից և զույգ հավաքների մասին տեղեկատվությունից, թերևս, պակաս ուշագրավ չէ այն արձանագրումը, որ Փաշինյանը իր Իտալիայի այցով խուսափել է մասոնների հետ հանդիպումից։ Այսինքն` եթե այստեղ լիներ, պարտավորված էր նրանց հետ հանդիպել, չէր կարող չհանդիպել կամ, թեկուզ առանց որևէ պարտավորվածության, ինքը գիտե, թե ինչու, հանդիպելու էր… Եթե դա, իրոք, այդպես է, ապա արդեն մի քիչ այլ կերպ ես վերաբերվում վերջերս «չար լեզուների» կողմից շրջանառվող այն լուրերին, թե Փաշինյանն արդեն հասցրել է համապատասխան ծիսակատարությամբ ու դրա բաղկացուցիչ երդմամբ ընդգրկվել օթյակում, կամ նրան արդեն ընդգրկել են…

Ընդհանրապես, արտասահմանյան մի «վոյաժը» մյուսի հետևից կատարող Փաշինյանի համար որևէ խնդիր չէ, ցանկության դեպքում, մասոնների հետ հանդիպել ոչ թե Հայաստանում, այլ Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում կամ մեկ այլ երկրում: Կարծում եք, թե այս առումով նա քրիստոնեական կամ ազգային հենքով պայմանավորված որևէ բարդո՞ւյթ ունի… Ի վերջո, ՀՀ վարչապետը, ցանկության դեպքում, դեռ հնարավորություն ունի Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի բարձրաստիճան մասոնների հետ հանդիպել նաև Հայաստանում, կամ, ով իմանա, գուցե արդեն հանդիպել է: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն Իտալիայից նոյեմբերի 23-ի երեկոյան արդեն վերադարձել է, իսկ Իրինա Դանիելյանը հենց ինքն է նոյեմբերի 23-ին տեղեկացրել. «Մասնավորապես սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզենը»։

Հետաքրքիր է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի նիստի ընթացքում հայտնեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին իր տված հանձնարարականի մասին` պարզել որոշ շրջանակների և Սատանայի համագործակցության ձևերը և ուղիները, նույն պաշտոնյային, իհարկե, հրաշալի տեղյակ լինելով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացված վերոնշյալ մասոնական հավաքի մասին, հանձնարարել կամ հանձնարարելո՞ւ է պարզել որոշ շրջանակների և «Ֆրանսիայի Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) համագործակցության ձևերը և ուղիները, կամ, ասենք, Սատանայի և «Ֆրանսիայի Մեծ Արևելք» մասոնական օթյակի համագործակցության հարցը… Երկու օրից կառավարության նիստն է, փոքր-ինչ համբերող լինենք, կիմանանք վերոնշյալ հարցի պատասխանը:

Մասոնության, մասոնական օթյակների և Սատանայի ու սատանայապաշտական խմբերի միջև ընդհանուր ոչինչ չկա՞… Թե այն «Դուխով» մակագրությունը միայն կեպիի վրա էր, այսինքն` ստից, և եթե ինքը հանկարծ նման հանձնարարություն տար, Լ.Տ.Պ.-ն և ուրիշները խիստ կզայրանային:

Ոմանք գուցե հիշեն, որ «Ֆրանսիայի Մեծ Արևելք» մասոնական օթյակի Մեծ վարպետ, ֆրանսիացի հասարակական գործիչ Գի Արսիզեն նախկինում արդեն եղել է Հայաստանում, և ոչ մեկ անգամ… Սա նշանակում է, որ նա և, ընդհանրապես, մասոններն աշխարհում իր տարածքի չափերով, տնտեսությամբ, բնակչության թվաքանակով չնչին մեր երկիրը շա՜տ են կարևորում…

2011թ. ես առիթ ունեցա հանդիպելու Գի Արսիզեի հետ` նույն թվականի հուլիսի 6-ին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում: Համոզվեցի, որ «Ֆրանսիայի Մեծ Արևելք» ֆրանկմասոնական օթյակը և նրա Մեծ վարպետ Գի Արսիզեն իրենց առջև խնդիր են դրել ու Հայաստանում փորձում են մեր հասարակությանը ներշնչել, հավատացնել, որ ֆրանկմասոնությունը Սատանայի հետ որևէ առնչություն չունի:

«Ես սատանա չեմ,- մամուլի ասուլիսում ասաց Գի Արսիզեն, թեպետ ոչ մեկն իրեն չէր մեղադրել Սատանա լինելու համար կամ նույնիսկ չէր կասկածել, ապա անհասկանալի մեկ-երկու բառ հավելեց. «Ամեն օր չէ»:

«Հայաստանի մասոններն ինչո՞ւ չեն բացահայտում իրենց ինքնությունը» հարցին Գի Արսիզեի պատասխանը հետևյալն էր.

«Կարծում եմ’ նրանք զգուշություն են անում, քանի որ, նկատում եմ, Հայաստանում ֆրանկմասոնությունը դիտվում է իբրև վտանգավոր մի աղանդ, և այդպիսի մտայնություն միշտ եղել է»:

Ըստ Գի Արսիզեի, դրա համար էլ այստեղ ֆրանկմասոնները զգուշանում են, և նրանց լավ աշխատանքների շնորհիվ հասարակությունը կտեսնի, որ ֆրանկմասոնությունն այն չէ, ինչ ենթադրում են:

Դե, իհարկե, մասոնությունն էլ, ֆրանկմասոնությունն էլ աղանդ չեն, այլ հակակրոն, ինչպես սատանայապաշտությունը, միայն թե, ի տարբերություն վերջինի, նրանից անհամեմատ լուրջ են և ունեն թաքնված քաղաքական բաղադրիչ:

«Սկզբնական խնդիրն այն է, որ Հայաստանում հայերը ջնջեն իրենց մտքից այդ փշոտ պատկերը ֆրանկմասոնության մասին, որովհետև առանց դրա հնարավոր չէ, որ ֆրանկմասոնությունը գոյություն ունենա այստեղ,- ասաց Մեծ վարպետը:- Դա, ուրեմն, տեղի չի ունենա, եթե հայերը չջնջեն այդ վատ պատկերը, որն իրենց մեջ կա»:

Իսկ լեթարգիական քնի մեջ չընկնե՞ն կամ մինչև կոմայի հասցնող չափաքանակով թմրանյութ չընդունե՞ն Գի Արսիզեի ասած հայերը…

Ընդգծենք, որ Հայաստանում ֆրանկմասոնությունն արդեն կար մինչ հիշյալ ասուլիսը, ընդ որում, ֆրանկմասոնների (ազատ որմնադիրների) քանակը, կարծում ենք, ոչ թե 15-20-ն էր, ինչպես փորձում է հավատացնել Գի Արսիզեն, այլ շատ ավելին: Օթյակի ղեկավարի խոստովանությամբ` «Փորձը’ ստեղծելու ֆրանկմասոնություն այստեղ, տևել է մոտ 10 տարի»:

Տողերիս հեղինակի հարցին` «հավատո՞ւմ եք Աստծուն, և եթե այո, ապա մեր Տեր Հիսուս Քրիստոսի՞ն, թե մեկ այլ», Գի Արսիզեն պատասխանեց` «Ես Աստծուն չեմ հավատում»: Կարծում եմ, այս պատասխանն անկեղծ չէր, քանի որ մասոններն, ընդհանրապես, Աստծո գոյությանն էլ են հավատում, Սատանայի գոյությանն էլ, սակայն Աստծուն չեն ընդունում ու նրան չեն ծառայում:

Գի Արսիզեն, որը մասնագիտությամբ բժիշկ է, ասաց, թե մասոն է դարձել մարդկանց օգնելու համար, պատճառաբանեց, որ մարդուն բժշկելը բավարար չէ, պետք է հասարակությունը փոխվի: Ազատ որմնադիրները այսպիսով մեկ անգամ ևս հաստատեցին, որ իրենց առջև հասարակությանը վերափոխելու խնդիր են դրել: Գաղտնիք չէ, որ նրանք հանդես են գալիս որպես աշխարհի մեծ ճարտարապետներ, մինչդեռ աշխարհի ճարտարապետը մեկն է` Աստված: Չի՞ ստացվում, արդյոք, որ Տիրոջ տեղն են փորձում զբաղեցնել…

Իսկ ո՞ր ուղղությամբ կամ ինչպե՞ս են փոխում հասարակությանը: Պարզվում է`«մտածողության, մտքի բացարձակ ազատության» միջոցով, ինչն առաջնային է «Ֆրանսիայի Մեծ Արևելքի» համար: Մտքի բացարձակ ազատությունը չշփոթենք ազատամտության հետ, քանզի քրիստոնեությունն աշխարհի ամենաազատամիտ կրոնն է: Պարզապես, երբ խոսքը մտքի, մտածողության բացարձակ ազատության մասին է և այդ ազատությունը վերածվում է գործի, դրանում արդեն իսկ ծայրահեղություն կա, ինչն այս դեպքում ևս չարիքի է հանգեցնում և, կասկած չունենք, մեծ բավականություն պատճառում Սատանային:

Մտքի, մտածողության բացարձակ ազատության հետևանքով է, որ այսօր աշխարհում գնալով ծավալվում են պոռնոգրաֆիան, մանկապղծությունը, քայքայիչ և ամբողջատիրական աղանդները, սատանայապաշտությունը, այլասերվածությունը, ԼԳԲՏ-ներն իրենց «իրավունքներով» և այլն:

Մտածողության, մտքի բացարձակ ազատության արդյունքն է նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2,7 մլն դրամ ֆինանսավորմամբ և քաղաքապետարանի թույլտվությամբ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ս. թ. նոյեմբերի 1-ին և 2-ին կազմակերպվեց ու տեղի ունեցավ «ՀուԶանք ու Զանգ» հակաբարոյական, հակագեղագիտական ու հակամշակութային խեղկատակությունը, որը, դրա կազմակերպիչներից մեկի խոսքով, «հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը»:

Մտածողության, մտքի բացարձակ ազատության արդյունքն է նաև, որ վերոնշյալ խեղկատակությունից առաջ կազմակերպվեց և Երևանում տեղի ունեցավ բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող լեհական «Vader» ռոք խմբի սատանիստական համերգը, իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունայնն էլ ս. թ. հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում շատ պարզորոշ ասաց, որ «սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու Հայաստանում», «Արվեստում ցենզուրա սահմանելը անթույլատրելի է»:

Մտածողության, մտքի բացարձակ ազատության արդյունքն է նաև, որ նույն Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարությունը կամ վերջինիս ենթակայության ներքո գտնվող Կինոկենտրոնը ՀՀ պետբյուջեից տրված միջոցներից շուրջ 20 մլն դրամ է հատկացրել դոպինգ-սկանդալի արդյունքում Հայաստանը խայտառակած, սեռափոխված Մելինե Ղալուզյանի մասին «Մել» ֆիլմի նկարահանման համար:

Մտածողության, մտքի բացարձակ ազատության արդյունքն է նաև, որ նախարարին վերը նշվածների համար և այլ պատճառներով պաշտոնանկ անելու կամ գոնե նախատելու, սաստելու փոխարեն, մտածողության, մտքի բացարձակ ազատության հարցում ճիշտ Գի Արսիզեի և այլ մասոնների պես մտածող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀուԶանք ու Զանգ» հակաբարոյական խեղկատակության առնչությամբ դարձյալ հրապարակայնորեն ասաց, որ արվեստում գրաքննությումն անթույլատրելի է («Ներկայացումները գրաքննելով կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի»)` նախևառաջ անտեսելով այն պարզ իրողությունը, որ «ՀուԶանք ու Զանգը» ոչ թե արվեստ, այլ հակաարվեստ է, ինչպես ոչ թե ենթամշակույթ կամ աղանդ, այլ հակակրոն է սատանայապաշտությունը:

Մտածողության, մտքի բացարձակ ազատության արդյունքն է նաև, որ նույն Փաշինյանը ԱԺ-ում հրապարակայնորեն հայտարարեց` «էդ մարդը (սեռափոխ Մելինե (Մել) Ղալուզյանը.- Ա. Հ.) իմ  անձնական պաշտպանության ներքոյ ա, իմ անձնական պաշտպանության», իսկ ավելի վաղ էլ հանդես է եկել ԼԳԲՏ անձանց «իրավունքների» պաշտպանությամբ ու նրանց իրավունքների պաշտպաններին աջակցելով:

Արթուր Հովհաննիսյան