Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին․ ամերիկացի սենատոր

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը խորացնող ռուսական S-400-ների թեմայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«Վաշինգտոն կատարած այցից երկու շաբաթ անց Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին և S-400-ների հարցում մեկ այլ կարմիր գիծ է հատում: Ներկայիս օրենքները պահանջում են, որ Թրամփը պատժամիջոց կիրառի: Իսկ Պոմպեոն (ԱՄՆ պետքարտուղար) պետք է ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա «անվտանգության գոտու» խախտումների և քրդերի դեմ իրականացրած վերջին հարձակումների պատճառով»:

Հիշեցնենք, որ Հոլենն ամերիկացի այն սենատորներից է, որը քննադատել է Թուրքիային՝ Սիրիայում իրականացրած «խաղաղության ակունք» ռազմագործողության համար և պատժամիջոցների նախագիծ պատրաստել:

Երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվեց մոտ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարք։  Եվ այժմ Թուրքիա մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն Անկարայում փորձարկման փուլում են: