Վճարովի «կրթության» պտուղները

Մենք բազմիցս ենք լսում՝ նույնիսկ կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, որ ներկայիս կրթական համակարգը չի ապահովում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը՝ հիմնականում նման գնահատական տալու ընթացքում համեմատության մեջ դիտարկելով խորհրդային կրթության մակարդակի հետ: Իսկ ի՞նչ էր ենթադրում «խորհրդային կրթություն» հասկացությունը, ի՞նչ առանձնահատկություններով էր օժտված ու ի՞նչ սկզբունքներով էր առաջնորդվում:

Հիմնականում դրանք էին՝

Հիմնարար ու բազմակողմանի գիտելիքների ձեռքբերումը․ թե՛ դպրոցական, թե՛ բուհական ուսումնական ծրագրերում պարտադիր կերպով ներառված էր հիմնարար գիտությունների ամբողջ տիրույթը, ինչն աշխարհի մասին համակարգված պատկերացումներ էր ձևավորում, հնարավորություն էր տալիս յուրացնել բոլոր մասնագիտությունների «այբուբենը» և փաստացի սերմանում էր հանրագիտարանային գիտելիքներ: Դրանք այն ամուր հիմնաքարերն էին, որոնց վրա հետագայում կայանում էր ցանկացած բնագավառի մասնագետը: Բացահայտ ճշմարտություն է, որ ցանկացած գիտության ու մասնագիտության մեջ հաջողակ ու արդյունավետ մասնագետն այն է, ով աշխատում է գիտությունների «հպման գծում»: Հիմնարար ու բազմակողմանի գիտելիքների ձեռքբերումը տալիս էր հենց այդ հնարավորությունը:

Իսկ այժմ կրթական ծրագրերում երբեմն ակնառու, իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան, գրեթե բոլորի կողմից առանձնացվում են կարևոր ու երկրորդական առարկաներ, և, որպես կանոն, կարևորները դրանք կիրառական առարկաներն են, իսկ երկրորդականը՝ հիմնարարները: «Ուսանողի ինչի՞ն է պետք փիլիսոփայություն առարկան, եթե նա անասնաբույժ է դառնալու»․ նախկինում նման արտահայտությունը զավեշտալի էր, իսկ այժմ դա վերածվել է սկզբունքի:

Մատչելիությունն ու համընդգրկուն բնույթը․ կրթությունն իրոք մատչելի էր և համընդհանուր, յուրաքանչյուրն ուներ ոչ միայն կրթության իրավունք, այլ նաև հնարավորություն: Չէ՞ որ կրթությունն անվճար էր: Հիշում եմ Կոմկուսի հետխորհրդային ղեկավարներից մեկի դիպուկ խոսքը․ «Ես ո՞նց չսիրեի այդ պետությունը, որն իմ՝ գյուղացի երիտասարդի, ձեռքից բռնեց ու տարավ սովորելու, հետո իմ ձեռքից բռնեց ու տարավ աշխատանքի…»:

Իսկ այժմ կրթության համար պետք է վճարել, իսկ դա արդեն իսկ նշանակում է, որ այն չի կարող ունենալ մատչելի ու համընդհանուր բնույթ: Իսկ նրանք, ովքեր իսկապես ուզում են կիրթ ու բանիմաց մասնագետներ դառնալ, որպես կանոն իրենք են օրուգիշեր աշխատելով հայթայթում միջոցներ՝ ուսման վարձը վճարելու համար: Իսկ ե՞րբ սովորել․․․

Կրթվողի մոտիվացված լինելը․ նախկին ժամանակներում կրթվողի հիմնական մոտիվացումը մասնագիտության ձեռքբերումն էր հանրօգուտ գործունեություն ծավալելու համար: Մերձավորին օգտակար լինելու համար մենք բոլորս երազում էինք դառնալ գիտնականներ, բժիշկներ, մանկավարժներ, արվեստագետներ, հմուտ արհեստավորներ:

Իսկ այժմ ուսանողը հիմնականում մոտիվացված չէ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման հարցում, նրան ընդամենը պետք է կրթության վկայականը՝ հետագա վարչական աշխատանքի անցնելու կամ բիզնես ոլորտում տեղ գտնելու համար: Պատահական չէ, որ բոլոր մասնագիտություններն այժմ հավելվել են «շուկա» արտահայտությամբ՝ «բժշկական շուկա», «կրթական շուկա» և այլն: Իսկ շուկայում հիմնական մոտիվը դրամի վաստակումն է, որի համար ամենևին էլ պարտադիր չէ գիտուն մասնագետ լինելը, ինչում կարելի է համոզվել ամեն օր և ամեն ոլորտում:

Հարգանքը մանկավարժի նկատմամբ․ խորհրդային կրթօջախն անցածները կհիշեն, որ ուսուցիչը և դասախոսը մի տեսակ վեհ կերպարներ էին աշակերտի և ուսանողի աչքերում, և մենք նույնիսկ չէինք էլ պատկերացնում, որ նրանք էլ մեզ պես հոգում են իրենց ամենօրյա կենցաղային և այլ հոգսերը: Ուսուցիչն ու դասախոսն ունեին շատ բարձր սոցիալական կարգավիճակ: Հասարակության տեսանկյունից նրանց արած գործն ու աշխատանքը շատ էր կարևորվում, և իրենց հիմնականում համարում էին բարձր բարոյականություն կրող ու ազնիվ մտավորականներ, որոնց կենսակերպի օրինակին ցանկանում էին հետևել մեզանից շատերը:

Իսկ այժմ այդ նույն ուսուցիչն ու դասախոսն ընդամենը վերածվել են պարզ վարձկանների, որոնց նկատմամբ նախկին վերաբերմունքն ու հարգանքը չեն տեղավորվում շուկայական հարաբերությունների շրջանակներում: Նկատենք, որ խորհրդային կրթական համակարգում նշված սկզբունքները գաղափարապես խիստ փոխկապակցված էին, որոնցում որևէ խոսք չկար կրթական վճարի մասին:

Կրթվողը և կրթողը միմյանցից նյութական կախվածություն չպետք է ունենան: Այդ գործառույթը պետք է իրականացնի երրորդ անձը՝ պետությունը: Մինչդեռ նույնիսկ պետական կարգավիճակ ունեցող բուհերի ֆինանսական հոսքերը հիմնականում ապահովվում են ուսանողների վարձավճարների հաշվին, որոնք, ի դեպ, շատ բարձր են (համեմատության համար ընթերցողը կարող է զուգահեռներ անցկացնել բազմաթիվ արևմտաեվրոպական հեղինակավոր բուհերի հետ): Հետևաբար, բուհի ֆորմալ գործունեությունը գերազանցապես կախված է ուսանողի կողմից կատարված վճարումներից, ինչն արատավոր կախվածություն է ստեղծում կրթվելու ցանկություն ունեցող անձի և դրան աջակցող դասախոսի միջև: Ուսանողը տեսնում ու գիտակցում է, որ դասախոսը գոյատևում է իր կողմից կատարված վճարումների հաշվին, և որ վերջինս չի ցանկանա «կտրել այն ճյուղը, որի վրա նստած է»: Ցավով պետք է նշել, որ ներկայիս ուսանողների մեծ մասը ելնելով «շուկայական տրամաբանությունից», կրթօջախը դիտում է որպես տաղավար, որտեղից կարող է ապրանք ձեռք բերել՝ որպես այդպիսին համարելով ոչ թե գիտելիքն ու մասնագիտական հմտությունները, այլ կրթության վկայականը (դիպլոմը): Դասախոսները հիմնականում ձև են անում, թե դասախոսում են, իսկ ուսանողներն էլ հիմնականում ձև են անում, թե սովորում են: Սակայն նման մոտեցման մեջ ուսանողին և մանկավարժին մեղադրելը դժվար է. դա է ժամանակի պահանջը: Արդյունքում ունենք այն, որ որքան էլ ստեղծվեն կրթության որակի ապահովման ու վերահսկման ստորաբաժանումներ, միևնույն է, կրթության որակը չի փոխվում, քանի դեռ կրթողի ու կրթվողի միջև կապը ոչ թե բովանդակային է, այլ նյութական:

Հիշենք, որ կրթությունը և գիտությունը ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի, գերակա ռազմավարական ոլորտներն են, ինչի մասին արդեն 30 տարի է ազդարարում են մեր երկրի տարբեր մակարդակների ղեկավարները:

Իհարկե հասկանում եմ, որ կրթության շուրջ ամբողջական ու բազմակողմանի քննարկման համար այս փոքր ակնարկն անբավարար է ու խիստ մակերեսային, սակայն կարծում եմ նաև, որ արված շեշտադրումները սկզբունքային են և ուշադրության արժանի:

 

Լևոն Անդրիասյան