Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ․ Վիտալի Բալասանյան

Սկիզբը՝ այստեղ

– Պարոն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ տարբեր ամբիոններից հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է ստանա այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Մի՞թե այս ձևակերպումը անընդունելի է Ձեզ համար։

 – Եթե հնարավոր լիներ գտնել նման լուծում, ի սեր Աստծո, որևէ մեկը չէր հանդգնի հակադրվել դրան, բայց անդրադառնանք խնդրին հետևյալ տեսանկյունից. 1994թ. մայիսին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ստորագրված զինադադարից հետո հիմնախնդրի կարգավորումն այդպես էլ առաջընթաց չունեցավ։ Երեք կողմերի քաղաքական վերնախավերը չկարողացան մշակել հակամարտության կարգավորման փոխշահավետ նախագծեր, նրանց հասարակությունները չկարողացան իրենց միջավայրում վերարտադրել հաշտեցման անհրաժեշտ տարրեր, իսկ միջազգային միջնորդներին չհաջողվեց հակամարտության կողմերի դիրքորոշումները հանգեցնել խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Այս հակամարտությունը դեռևս շարունակվում է, կարելի է ասել, որ այն գոյություն ունի իր առանձնակի կյանքով՝ մեր տարածաշրջանում դառնալով աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ծրագրերի մաս։

Բացահայտ ռազմական բախման փուլին հաջորդած 25 տարիների ընթացքում, եթե Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ապա պետք է եզրակացնել, որ նման հակամարտությունը փոխադարձ ընդունելի քաղաքական լուծում չունի՝ ո՛չ հակամարտության անմիջական կողմերի, ո՛չ էլ արտաքին հիմնական դերակատարների համար։ Արցախյան հակամարտությունն իր խորքից անընդհատ մակերես է բարձրացնում այլ կարևոր հարցեր ևս, առանց որոնց պատասխանելու՝ հնարավոր չէ առաջընթաց արձանագրել կարգավորման որոշակի փուլում։

– Կարելի՞ է Ձեր խոսքից եզրակացնել, որ փոխզիջումային լուծում ասվածը, որը ենթադրում է ինքնորոշման իրավունքի ճանաչում՝ տարածքների դիմաց, Ձեզ համար անընդունելի է։

– Արցախյան հիմնախնդրի լուծման խոչընդոտներից մեկը հանդիսանում է այն սխալ պատկերացումը, թե Արցախի կողմից այսպես կոչված (ըստ միջազգային հանրության) «վերահսկվող» բոլոր տարածքների կամ նրանց մի մասի զիջումը կարգավորման գործընթացը կարող է մոտեցնել դրական արդյունքի։ Իրականում, թեկուզ մեկ շրջանի զիջումը չի մեղմացնի, առավելևս՝ չի բացառի Արցախը զավթելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական ջանքերը, այլ՝ ընդհակառակը, նման զիջումը Ադրբեջանի համար  նոր՝ ավելի կոշտ ու ուժային դիրքերից հանդես գալու խթան կհանդիսանա՝ մեծացնելով Ադրբեջանի «ախորժակը»։

Վերահսկվող տարածքները հօգուտ Ադրբեջանի զիջելու փոխարեն Արցախին առաջարկելով անվտանգության միջազգային երաշխիքներ և իրավասուբյեկտության միջազգային սահմանափակ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ՝ միջազգային միջնորդները հարվածի տակ են դնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, որը հաստատվել է ու խոր արմատներ է գցել վերջին 25 տարիների ընթացքում։ Հայկական կողմը չի կարող վստահել անվտանգության ադրբեջանական երաշխիքներին, եթե դրանք ամրագրված կլինեն նույնիսկ միջազգային հանրության կողմից, քանի որ Ադրբեջանը շարունակում է այն ամենը, (օրինակ՝ 2016թ․Ապրիլյան պատերազմը ) ինչը հնարավորություն չի տալիս նրան դիտարկել որպես ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը ապահովող հուսալի գործընկեր։

– Պարոն Բալասանյան, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կարող է սկսել գործընթաց և ռազմական ճանապարհով լուծել Արցախյան հիմնախնդիրը հօգուտ իրեն։

– Մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում նաև պատերազմի, որը կարող է սանձազերծել Ադրբեջանը, թեև հույս ունենք, որ Բաքվի ղեկավարությունն այնքան բանականություն կունենա, որ չի գնա իր համար նման կործանարար քայլի։ Եթե Ադրբեջանն սկսի նոր պատերազմ, ապա նա կպարտվի այնպես, ինչպես նախորդ անգամ, սակայն ավելի մասշտաբային կորուստներով։

1990-92 թթ․ ամբողջությամբ տիրանալով իր տարածքում տեղակայված նախկին խորհրդային բանակին, ՆԳՆ և ՊԱԿ-ի զորքերի սպառազինությանը, Ադրբեջանը մի քանի անգամ ավելի ռազմական տեխնիկա, ռազմամթերք ու այլ զինվորական գույք ստացավ, քան Վրաստանը, Հայաստանը և ԼՂՀ-ը միասին վերցրած։ Ադրբեջանին բաժին հասավ նաև մեծ քանակի ավիացիոն տեխնիկա և Կասպիական ռազմական նավատորմի մի մասը, այն դեպքում, երբ այդ ժամանակ Հայաստանն ընդհանրապես մարտական ինքնաթիռներ և, բնականաբար, ռազմածովային սպառազինություն չստացավ։ Այս ամենը, սակայն, չխոչընդոտեց, որ 1994թ․Ադրբեջանն ինքը հայցի զինադադար։ Եվ այժմ էլ Ադրբեջանի կողմից իր ռազմական բյուջեի աճի բարձր տեմպերի առավել գովազդված շեշտադրումները հանդիսանում են հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցության գործիք, ոչ թե ռազմական շինարարության ոլորտում որակական փոփոխություններ անցկացնելու ընդունակության իրական ցուցանիշ։

Այնպես որ, մենք պարտավոր ենք հավատալ մեր ուժերին և միասնական լինել, սրանում է հաղթանակի գաղտնիքը, և հայ ժողովուրդը ծանր պահերին հենց այդպես էլ անում է։

– Ո՞րն է Արցախյան հիմնախնդրի կարգավորման Ձեր տեսակետը։

– Ընդհանուր առմամբ հակամարտության կարգավորման հարցի շուրջ իմ մոտեցումը հետևյալն է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջին հերթին պետք է լուծեն հակամարտության պատճառներին առնչվող խնդիրները (Արցախի  քաղաքական կարգավիճակը և նրա անվտանգությունը) և հետո միայն այն հարցերը, որոնք կապված են հակամարտության հետևանքների հետ (վերահսկվող տարածքներ, փախստականներ, հաղորդակցման ուղիների վերականգնում և այլն)։

Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ։ Փախստականների, տարածքների և սահմանների որոշման հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքներով, որոնցում պայմանավորվածության հիմնական կողմերը կլինեն Արցախն ու Ադրբեջանը։ Այդ ամենը պետք է ներդաշնակվի խաղաղ գործընթացին։

Շարունակելի․․․

Հարցազրույցը՝ Լուսինե Այրապետյանի