Քոչարյանի կալանավորման հարցում Փաշինյանի ու ադրբեջանցիների վերաբերմունքը նո՞ւյնն է (տեսանյութ)

Օրերս հանդիպեցին Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի լրագրողները․ ադրբեջանցիներն այցելեցին նաև Արցախ, իսկ հայ լրագրողները` Բաքու, Գանձակ։ Բավական ժամանակ է, որ նման այցեր չէին լինում, և հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մտածում, ու ինչ են խոսել Արցախը, Հայաստանի տարածքները` Զանգեզուր, Երևանը գրավել ցանկացող երկրի լրագրողները։

«Չնայած եկել էին, բայց որևէ քննարկման տրամադրված չէի,  բաց խոսելու պատրաստ չէին, կաշկանդվում ու որոշ չափով վախենում էին թե՛ մեզանից, թե՛ իրարից,  քանի որ հասկանում են՝ Բաքու վերադառնալուն պես պատասխան են տալու, ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կանչվելու են, ասելու են՝ ո՞վ, ի՞նչ արեց, որտե՞ղ եղավ։ Դրա համար զգուշավոր էին, թե՛ իրարից, թե՛ մեզ հետ շփումներից»,- ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։

Փորձագետը նկատեց, թե չնայած ադրբեջանցի լրագրողներն ունեին բազմաթիվ հարցեր տալու հնարավորություն, քանի որ մեզ մոտ շփումն ազատ էր ու բաց, բայց իրենք մնացին պաշտոնական քարոզչության սահմաններում․ «Ու հենց այդ սահմաններում էլ զրուցում էին, ասում էին բաներ, ինչը մեզ հետաքրքիր չէր, քանի որ մենք նրանց պաշտոնական տեղեկատվության անհրաժեշտությունը չունեինք։ Ինչևէ՝ չոր ու ֆորմալ շփում էր»։

Էլիբեկովան տեղեկացրեց, թե ադրբեջանցի լրագրողներն արդեն իրենց քարոզչական գործն արել են՝ ֆեյսբուքյան էջերում տեղադրելով Արցախի  լուսանկարներն ու դրանք ներկայացնելով  այսպիսի  գրառումներով․ «Մենք գտնվում ենք մեր պատմական հայրենիքում»։ «Սա փաստում է այն մասին, որ նրանցից պետք չէ ակնկալել որևէ դրական սպասելիք,  որևէ պատրանք մենք չպետք է ունենանք և չունենք, թե եկել էին, որ մեզ հետ շփվեին։ Նրանք  ցանկություն չունեին բովանդակային քննարկման,  իրականում եկել էին  հանուն «գալչկայի»»,- ասաց փորձագետը։

Փորձագետի հետևությունը մեկն է՝ հայկական կողմը շատ ավելի ազատ է, մեզ մոտ չկա անհանգստություն, շփման վախ, մինչդեռ հակառակ իրավիճակն է ադրբեջանցի լրագրողների մոտ, և  Ադրբեջանի իշխանությունը թույլ չի տա, որ երկու կողմերի միջև կայանա իրական երկխոսություն։

Երևանում ադրբեջանցիներին ընդունեցինք հանգիստ, մինչդեռ իրավիճակն այլ էր  Բաքվում՝ մեր լրագրողների ներկայության դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվել։

Անդրադարձանք նաև վերջերս Միլանում և Փարիզում կատարվածին, երբ  Հայաստանի Հանրապետության վարչապետին մոտեցան երկու ադրբեջանցիներ: Պարզվեց, որ Միլանի եկեղեցում Փաշինյանին հարցեր ուղղած, միամիտ դեմքով ադրբեջանցին, այդ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ էր: Ինչպե՞ս հասկանալ հայկական կողմի  անվտանգության աշխատակիցների անգործությունը, կարո՞ղ էին գոնե բաց աղբյուրներից օգտվել ու պարզել, թե ո՞վ է «բլոգերի» անվան տակ «պատահաբար» հայկական եկեղեցի մտած անձը, «պատահաբար» Հայաստանի Հանրապետության  վարչապետի հետ զրույցի բռնված Աթա Աբդուլաևը և, արդյո՞ք նա հատուկ հրահանգով չէր եկել Իտալիա։

«Անվտանգության տեսանկյունից ես շատ լուրջ հարցեր ունեմ, ինչպե՞ս է, որ հատուկ ծառայության աշխատակիցը մտնում է հայկական եկեղեցի, ապա ստանում հնարավորություն վերցնելու բարձրախոսն ու հարցեր տալու․ սա մտահոգիչ է»,-ասաց փորձագետը։

Անդրադառնալով հարցին՝ կատարվածը բեմադրված միջադե՞պ էր, թե ՀՀ վարչապետը հայտնվեց Ադրբեջանի սարքած ծուղակում, Էլիբեկովան ասաց՝ հակված չէ մտածել, որ այն բեմականացված էր, քանի որ այդ դեպքում վարչապետի ելույթում  «կիքսեր»,  սխալներ չէին լինի, գոնե նախապատրաստած կլիներ։

Հարցին՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպման ժամանակ հնարավո՞ր է, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ինչի մասին օրերս ակնարկեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, ասելով՝ սեղանին կա փաստաթուղթ,  Էլիբեկովան նկատեց․ «Նույնիսկ եթե ինչ-որ բան ստորագրեն, դա խնդրի լուծում չի կարող լինել։ Երբ Ալիևն ասում է՝ մեզ պետք են Արցախը, Զանգեզուրն ու Երևանը, դա խոսում է այն մասին, որ Արցախով չի վերջանալու, Արցախը մեր առաջին բաստիոնն է, ու եթե կորցրեցիք, գալու են առաջ՝ զավթելու են, կոտորելու են, վերացնելու են»։

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, փորձագետն ասաց, որ այն սթափության կոչ էր՝ «Արցախն այն հարցը չէ, որի շուրջ պետք է հանրությունը պառակտվի, սա մեր բոլորիս ֆիզիկական անվտանգության հարցն է, ու այստեղ չպետք է դրսևորվի պոպուլիստական կեցվածք»։

Էլիբեկովան նաև տեղեկացրեց, թե Ադրբեջանում հրճվում են, որ այսօր կալանավորված է ՀՀ և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը, որ քրեական գործեր կան հարուցված ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ։ Ըստ փորձագետի, նրանք այն  մարդկանց շարքում են, որոնք   հայի ուժեղ կերպար են ու վախ ու սարսափ են ադրբեջանցիների համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում