Բուհերի գիտխորհուրդների անդամներն ապազգային սատանայապաշտներ չեն, բայց «Հայոց լեզու» առարկան դժվար թե ներառեն պարտադիրների ցանկում

Պարզվում է, դեմագոգիայով ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է աչքի ընկնում, այլև Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք: Ահավասիկ մեր երկրի բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու» առարկան ոչ պարտադիր դարձնելու առնչությամբ նրանցից Վահագն Թևոսյանի ֆեյսբուքյան գրառումը, եթե, իհարկե, այն պայմանավորված չէ անտեղյակությամբ.

«Իհարկե կարծիք հայտնելու, բողոքի ակցիա անելու իրավունքները կարևոր են, բայց ուզում եմ հասկանալ՝ բանասիրականի ուսանողների կարծիքն է ավելի կարևո՞ր, թե ինչ պետք է սովորեն ճարտարապետները, թե՞ ճարտարապետականի գիտխորհրդի:

Լավ, կարևորը դնենք մի կողմ. ո՞րն է ավելի հիմնավոր, հեղինակավոր ու վստահելի: Եթե դա էլ դնենք մի կողմ՝ մեր բուհերի գիտխորհուրդների անդամներն էլ ե՞ն ապազգային սատանայապաշտներ, դե կներառեն, էլի ծրագրում, ինչի՞ց եք վախենում:

Բայց ամենաշշմելուն այն է, որ մարտականորեն տրամադրված հին ընկերներիցս մեկը հանկարծ երեսիս շպրտեց՝ ասում են՝ էսպես որ գնա, կարող է հայերենը հայտարարեք ոչ պետական լեզու…

Որտե՞ղ են էս ան/տրամաբանական շղթաները կոփվում ու նետվում հարթակ, ովքե՞ր են էդ ապաշնորհ դարբինները: Էս տափակ հիմքերով եք պահանջում նախարարի հրաժարակա՞ն: Սխալ օղակ եք թույլ համարել, բարեկամներ ջան, շա՜տ սխալ օղակ»:

Թևոսյանի կողմից դեմագոգիայի դրսևորումը նրա հետևյալ հարցադրումն է` «Եթե դա էլ դնենք մի կողմ՝ մեր բուհերի գիտխորհուրդների անդամներն էլ ե՞ն ապազգային սատանայապաշտներ, դե կներառեն, էլի ծրագրում, ինչի՞ց եք վախենում»:

Իսկ ո՞վ է ասել, թե մեր բուհերի գիտխորհուրդների անդամներն ապազգային սատանայապաշտներ են: Սատանայապաշտներ չեն, թեև, ո՞վ իմանա, բացառված չէ, որ մի քանիսն այդպիսին լինեն կամ, ասենք, մասոն, մանավա՛նդ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մի անձնավորություն է, որը հրապարակայնորեն հայտարարել է` «սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու Հայաստանում»:

Ինչ վերաբերում է ապազգայինին, ապա մարդը կարող է ապազգային լինել, սակայն չլինել սատանայապաշտ, հետևաբար «ապազգային»-ն ու «սատանայապաշտները» համադրելը սխալ է և տվյալ պարագայում, կարծում եմ, որոշակի միտումի արտահայտություն:

Համարենք, որ մեր բուհերի գիտխորհուրդների անդամները ոչ միայն սատանայապաշտներ, այլև ապազգային էլ չեն (նրանց գերակշիռ մեծամասնության առնչությամբ հակված եմ հենց այս տեսակետին), սակայն բուհերի գիտխորհուրդների մեծամասնությունը ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու» առարկան, ամենայն հավանականությամբ, չի ներառի պարտադիր ուսուցման ծրագրում հե՛նց Թևոսյանի նշած պատճառով: Չէ՞ որ, ասենք, ճարտարապետականի գիտխորհրդի կարծիքն է կարևոր ու հեղինակավոր, թե ինչ պետք է սովորեն ճարտարապետները, իսկ նրանք նույնիսկ «Հայոց լեզու» առարկան պահպանելու ցանկության դեպքում ստիպված կլինեն որոշել, որ այն կարևոր չէ, կարևորը մասնագիտականների ժամաքանակի ավելացումն է, քանի որ հակառակ պարագայում, նկատի ունենալով բուհերի միջև մրցակցությունը, կարող են տանուլ տալ, շատ ուսանողներ կնախընտրեն այն բուհը, որտեղ մասնագիտականի ուսուցմանն ավելի շատ ժամաքանակ է հատկացվում:

Հետևաբար վերը շարադրվածը նկատի ունենալով, ստացվում է, որ վախենալու բան կա, և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը կամ չի գիտակցում առկա ռիսկը, կամ, մեղմ ասած, ապատեղեկատվություն է հաղորդում, թաքցնում վտանգը ու փորձում մոլորեցնել հանրային կարծիքը` գրելով, թե «…դե կներառեն, էլի ծրագրում, ինչի՞ց եք վախենում»:

Անդրադառնալով պատգամավորին ուղղված նրա հին ընկերներից մեկի շշպռոցին` «էսպես որ գնա, կարող է հայերենը հայտարարեք ոչ պետական լեզու… », նկատենք, որ իր ապազգային լինելը քանիցս ապացուցած ներկայիս իշխանության կողմից դա բացառված չէ, թեև անձամբ ես այդ կարծիքին չեմ, քանի որ պարզապես չեն հասցնի… Հասկացողը, կարծում եմ, հասկացավ ինչ նկատի ունեմ:

Եվ վերջում մի հակիրճ անդրադարձ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի արդարացի պահանջի առնչությամբ պատգամավոր Վահագն Թևոսյանի գրառմանը` «Սխալ օղակ եք թույլ համարել, բարեկամներ ջան, շա՜տ սխալ օղակ»: Այդ ԿԳՄՍ նախարարությունը և Արայիկ Հարությունյա՞նն են ուժեղ օղակը… Զավեշտալի չէ՞ նրանց այդպիսին համարելը… Ախր ձեր նախարարը նույնիսկ մայրենիին բավարար չի տիրապետում, բացի այդ, օրենքի նախագծի աշխատանքային խմբի հետ հետ քննարկումը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է իբրև օրենքի աշխատանքային խմբի հետ քննարկում, «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետությունը գործող օրենք չունի, ոչ էլ նախկինում է ունեցել, սակայն գրել է «Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի…»: Եվ այս ամենը` ընդամենը մեկ գրառման մեջ և ընդամենը մի քանի տողում:

 Արթուր Հովհաննիսյան