Հռոմում տեղադրվելու է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանը

Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում  նշել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային համագործակցությանը: Այս ոլորտում նույնպես առանձնացրել ենք համագործակցության զարգացման հնարավորությունները: Առաջարկ եղավ Միլանում Կոմիտասի արձանը տեղադրելու մասին և այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Տեղեկացնեմ, որ նախատեսվում է  նաև Հովհաննես Թումանյանի արձանի բացումը Հռոմում»,-ասել է Վիկտորյա Բաղդասարյանը:

2019 թվականին նշվում է երկու մեծանուն հայ դեմքերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակները: Այդ առթիվ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և իրականացվում ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին ընդառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել էր հավանության: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին բացվել էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ: