Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 77 տարեկան

Նոյեմբերի 22-ը Արցախյան ազատամարտի հերոս, ֆիզիկոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 77 տարեկան:

Ծնվել է 1942 թ., Թիֆլիսում, Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և փայլուն ավարտել է ռադիոֆիզիկոսի մասնագիտությամբ։

Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում պաշտոններ է զբաղեցրել Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Լ. Ռ. Ազգալդյանը Արցախյան ազատամարտի տարիներին գործել է սկզբում Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհվեց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։