Ուզում էի ԱԱԾ-ից պահանջել, որ պարզի` այս ամենում չկա՞, արդյոք, պետական դավաճանության հանցակազմ, բայց հիշեցի, որ հիմա Նիկոլի թիվն է

«Հենց այդ «Մելը», «ՀուԶանք ու Զանգը» մեր ժողովրդին ի՞նչ են տալու». օրերս Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայաստանյան վերջին շրջանի իրադարձություններին, այս հռետորական հարցով է հանդես եկել կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Նրա կարծիքով, կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի ոլորտը կարող ենք հանձնել երթուղայինների վարորդներին. այսօր նրանք ավելի շատ են ազդում ժողովրդի վրա` իրենց տարածած անորակ երաժշտությամբ, խոսելաձևով, քան ԿԳՄՍ-ն` իր կատարած զրո աշխատանքով:

«Հեղափոխություն են արել, բայց մշակույթը միայն դեպի վատն է գնում»,- ասել է կոմիտասագետը և հավելել, որ նախարարությունը ֆինանսավորելով «Մելը» «ՀուԶանք ու Զանգը», մերժել է «Սասունցի Դավիթ» էպոսի բեմադրության ֆինանսավորումը:

Ինչպես արդեն հայտնի է, «ՀուԶանք ու Զանգ» խեղկատակությանը հարկատուներիս հաշվից հատկացվել է 2,7 մլն դրամ, իսկ դոպինգ-սկանդալի արդյունքում Հայաստանը խայտառակած, սեռափոխված Մելինե Ղալուզյանի մասին «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ պետբյուջեից հատկացումը կազմում է շուրջ 20 մլն դրամ:

««Ակունք» անսամբլը ներկայացրել է «Սասունցի Դավիթ» էպոսի` Կոմիտասի ավանդական գրառած եղանակներով, հին էպոսի մեղեդիներով բեմադրության ծրագիր, բայց նախարարությունը մերժել է»,- ասել է Շահնազարյանը և ավելացրել, որ «ՀուԶանք ու Զանգ»-ի ու «Մել»-ի դեպքում նախարարությունը նշում է, որ ֆինանսավորման որոշումը կայացրել է մասնագիտական հանձնաժողովը, բայց պատասխանատվությունը նախարարությանն է:

«Այդ հանձնաժողովում կիսագրագետ մարդիկ են,- ասել է կոմիտասագետը:- Նախարարության մեղքով է, որ հանձնաժողովն այդպիսին է: Արդարացման տեղ չեն կարող ունենալ, և դա անգամ քննարկման ենթակա չէ»:

Եվ իսկապես` հե՛նց նախարարության մեղքով է, որ հանձնաժողովն այդպիսին է: Ո՞վ է այդ հանձնաժողովի անդամներին ու նախագահին նշանակել, կամ ովքե՞ր են ընտրել նրանց: Պա՞րզ է, չէ՞, որ, ասենք, էկոնոմիկայի կամ արտակարգ իրավիճակների նախարարը չի նշանակել նրանց կամ հաստատել հանձնաժողովի կազմը:

Երբ բռնկվեց «ՀուԶԱՆՔ ու Զանգ»-ի հետ կապված սկանդալը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում ի պատասխան լրագրողների հարցումների, նոյեմբերի 3-ին հայտնեց, որ «2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր…»:

Նախարարության պատասխանում հասկանալի պատճառով չի նշված, որ վերոնշյալ հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարությունն է ստեղծել, և որ այն նախարարությանն ենթակա մարմին է: Դրա փոխարեն, հերթական անգամ դրսևորվել է ԿԳՄՍ նախարարության ցինիզմը` «Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը»: Ընդունենք, թե 0,3%-ն է կազմում, բայց մամուլում բազմիցս գրվեց, թե 2,7 մլն դրամով ինչեր-ինչեր կարելի էր անել, և հետո պա՞րզ չէ, որ եթե նախարարությանն ենթակա այդ հանձնաժողովը իրեն թույլ է տվել թեկուզ 2,7 մլն դրամի վատնում, ապա շատ հնարավոր է, որ դրամաշնորհների համար հատկացված կամ առանձնացված մնացած շուրջ 900 մլն դրամից էլ այլ մսխումներ թույլ տված լինի:

ՀՀ քրեական օրենսգրքում նշված հափշտակությունը միայն յուրացման միջոցով չի լինում, լինում է նաև վատնման միջոցով: Միամտություն կլինի, սակայն, կարծելը, թե իրավապահ մարմինները հիմա կզբաղվեն այն խնդրով, թե ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհների համար հատկացված տարեկան շուրջ մեկ միլիարդ դրամի հասնող բյուջեից գումարներն ո՞ւմ, ո՞ր կազմակերպություններին, ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով և ինչո՞ւ են հատկացվել: Դրանով իրավապահները կզբաղվեն Փաշինյանի իշխանության տապալումից հետո, այն էլ ինչպե՜ս կզբաղվեն… Հետաքրքիր է` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատկերացնո՞ւմ է դա, տեսնո՞ւմ է այդ օրը, թե իրեն թվում է, որ ինքն ու Փաշինյանը հավերժ են իշխելու:

Նախարարության` կես էջից էլ պակաս վերոնշյալ պատասխանում ցինիզմի մյուս «փայլատակումն» էլ վերջում է. «Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումներ»: Եվ սա` թույլ տրված, մեղմ ասած, սխալի համար հանրությունից ներողություն խնդրելու փոխարեն: «ՀուԶԱՆՔ ու Զանգ» խեղկատակության ֆինանսավորման համար նույնիսկ պողոսներից մեկն այնքան էր զայրացած, որ իմանալով այս մասին, ասաց` թքել եմ, թե նախարարությունն ինչ կդիտարկի:

Արթուր Շահնազարյանն անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, նույն զրույցում ասել է, թե բողոքի միջոցառման մասնակիցները պնդում են միայն, որ մշակույթի ոլորտում կատարվողը հայ ազգին հարիր չէ, թե պետության կողմից «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ու «Մել» ֆիլմի ֆինանսավորումներն անընդունելի են, մինչդեռ մեկ ուրիշ և ավելի կարևոր հարց կա.

«Հրաժարականի պահանջը ներկայացնողները չեն ասում, որ ԿԳՄՍ-ն լինելով պետական կառույց, օրենքով էլ իրավունք չունի կատարել նշված ֆիլմի ու ներկայացման ֆինանսավորումները: Պետական կառույցի քաղաքականությունն ուղղված է ժողովրդին դաստիարակելուն, մշակութային ճաշակ բարձրացնելուն, ազգային ու համամարդկային արժեքներ սերմանելուն: Նախարարության իրականացրած ծրագրերը ոչ մի կապ չունեն դրանց հետ»:

«Ոչ մի կապ չունեն»-ը մեղմ է ասված, փաստն այն է, որ ԿԳՄՍ նախարարության որոշ ծրագրեր նույնիսկ հակադաստիարակչական են, ուղղված են ժողովրդի մշակութային ճաշակն իջեցնելուն, ազգային ու համամարդկային արժեքների դեմ են:

Կոմիտասագետն ընդգծել է, որ ԿԳՄՍ-ն (մասնավորապես` մշակութային ոլորտի մասով) բանակից հետո պետության երկրորդ կառույցն է, իր խոսքը եզրափակել Վահան Տերյանից մեջբերմամբ.

«Ինչպես Վահան Տերյանն էր ասում, երկու հայրենիք ունենք` հոգևոր-մշակութային և ֆիզիկական: Եթե հանձնենք մեր հոգևոր հայրենիքը, կհանձնենք նաև մեր ֆիզիկական հայրենիքը: Ինձ պետք չէ այնպիսի հայրենիք, որում չկա հոգևոր-մշակութայինը, ազգայինը»:

Միանշանակ է, որ որևէ հայի այդպիսի հայրենիք պետք չէ, և, ուրեմն, առավել քան արդիական է հարցը` այս ո՞ւմ և ինչո՞ւ է վստահվել մեր պետության` բանակից հետո երկրորդ կառույցը… Վերջում ուզում էի ԱԱԾ-ից պահանջել, որ վերը շարադրվածի համատեքստում քննի, պարզի` այս ամենում չկա՞, արդյոք, պետական դավաճանության հանցակազմ, բայց հիշեցի, որ հիմա Նիկոլի թիվն է:

Արթուր Հովհաննիսյան