ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում «ոչնչացնել, կամ ինչ-որ կերպ ազատվել S-400-ներից»

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը Reuters-ի հետ զրույցում Թուրքիային կոչ է արել ինչ-որ կերպ  հրաժարվել, կամ պարզապես ոչնչացնել Ռուսաստանից գնած ռուսական զենիթահրթիռային S-400 ՀՕՊ համակարգերը։

«Թուրքիան դեռ կարող է վերադառնալ բանակցային սեղան։ Նրանք գիտեն, որ դրա համար կամ պետք է ոչնչացնեն, կամ հետ վերադարձնեն, կամ ինչ-որ կերպ ազատվեն S-400-ներից»,- BBC-ի տեղեակցմամբ,  ասել է  պաշտոնյան։

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան դեռևս կարող է ենթարկվել պատժամիջոցների CAATSA օրենքի շրջանակներում (պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք)։

Ընդ որում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցների հստակ ժամկետ չկա։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը միայն 9 ամիս անց Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, երբ պաշտոնական Պեկինը գնեց ռուսական կործանիչներ։