Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ

Նոյեմբերի 21-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023 թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Տեղեկանք․ Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն:

Իրավական կոմիտեն պատասխանատու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության և այլ հիմնարար իրավական ակտերում առաջարկվող փոփոխությունների մեկնաբանման և Գլխավոր կոնֆերանսի փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ներկայացման համար: