Չարագործ բանսարկուները եկեղեցու և մանավանդ հավատքի հետ առնչություն չունեցող, ինքնակոչ «ազգայիններ» են

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի եկեղեցական դասի և թեմական խորհրդի հայտարարությունը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի եկեղեցական դասը և թեմական խորհուրդը Կալիֆորնիայից հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.

«Մենք՝ Արեւմտյան Թեմում ծառայող հոգեւորականներս, ցանկանում ենք մեր ժողովրդի ու հավատացյալների ուշադրությանը ներկայացնել, որ վերջերս ականատես ենք լինում մի շարք վճարված անհատների կողմից անընդունելի եւ փողոցային ցեխարձակումների՝ հասցեագրված Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ Հյուիսային Ամերիկայի Արեւմտյան Թեմի Առաջնորդ Սրբազան Հոր բարի անունին ու նկարագրին: Ակնհայտ է, որ ցեխարձակումները մտացածին են, անհիմն, երեւակայական ու անիրական, իսկ չարագործ բանսարկուները՝ եկեղեցու եւ մանավանդ հավատքի հետ առնչություն չունեցող, ինքնակոչ «ազգայիններ»: Քաջ գիտենք, որ մեր Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հոր բարի անունը մրոտել հանդգնող անհատները հետապնդում են անձնական շահերին ուղղված նպատակ ու մտադրություն»:

Արևմտյան թեմի եկեղեցական դասը և թեմական խորհուրդը հավատացյալ ժողովրդին տեղեկացրել են նաև, որ Արևմտյան թեմի համայն հոգևորական դասը Թեմական Խորհրդի հետ միասին համախմբված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ու թեմի առաջնորդ սրբազան հոր շուրջ.

«Միասիրտ ու միաբան խստիվ դատապարտում ենք բոլոր զրպարտությունները, ցնդաբանություններն ու անհիմն բամբասանքները` հասցեագրված Վեհափառ Հայրապետին եւ Արեւմտեան Թեմի Առաջնորդ Սրբազան Հոր բարի անվանը: Կոչ ենք հղում նաեւ ԱՄՆ Արեւմտյան ափում գործող բոլոր հայկական կազմակերպություններին՝ ազգային, քաղաքական, հոգեւոր, մշակութային եւ բարեգործական, որպեսզի պաշտոնական հայտարարությամբ դատապարտեն խռովարարների հերյուրալից արտահայտությունները։ Եթե իսկապես ուզում եք լինել «լույսի որդիներ», ուրեմն` պարտավոր ենք մեր հայացքն ու մտածումը ուղղել դեպի լույսը եւ ճշմարտությունը՝ դատապարտելով խավարն ու խավարի իշխանը։ Պետրոս Առաքյալը զգուշացնում է․ «Զգո՛ն եղեք, արթո՛ւն կեցեք, որովհետեւ ձեր ոսոխը՝ չարախոսը շրջում է մռնչացող առյուծի պես՝ փնտրելով, թե որին կլլէ»։ Ա․ Պետրոս 5։8»:

Հայտարարության վերջում նշված է. «Համայն հոգեւորական դասը, Թեմական Խորհուրդը ու բոլոր Թեմական կազմակերպութիւնները միահամուռ սատարում են Առաջնորդ Սրբազան Հոր առաջիկա բոլոր օրինական քայլերին եւ աղոթք բարձրացնում առ Աստուած, որ չքանան չարիքները, սեր ու համերաշխություն տիրի մեր համայնական կյանքից ներս»: