Ադրբեջանը գիտի համաձայնության հասնելու արդյունավետ ուղին

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բազմիցս է շեշտվել, որ ոչ մի համաձայնագիր չի կարող ձեռք բերվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, և բանակցությունների՝ Արցախի մասնակցությամբ ձևաչափը վերականգնելու հարցը կախված է իրենցից՝ կողմերից։

Հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության դիրքորոշումն այն է, որ առանց իր մասնակցության ոչ մի համաձայնություն չի կարող ձեռք բերվել, և Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին բոլոր փուլերում։

Ինչ վերաբերում է Երևանին, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման հենց ամենասկբզբից հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։

Ստացվում է, որ խնդիրը Ադրբեջանի մոտեցման մեջ է, որը փորձում է Արցախի Հանրապետությանը հավասար կողմ ներկայացնել 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի արդյունքում ԼՂՀ-ից Ադրբեջան տեղափոխված փախստականներին։

Կարիք չկա քննարկելու այն իրողությունը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում փախստականների հարցը Ադրբեջանի կողմից մշտապես միակողմանի է ներկայացվում՝ դիտավորյալ մոռացության տալով Շահումյանի շրջանից, Մարտակերտի օկուպացված բնակավայրերից բռնությամբ տեղահանված և Սումգայիթի, Գանձակի, Բաքվի ցեղասպանություններից փրկված հարյուր հազարավոր հայերի հարցը։ Նրանք համահավասար կերպով փախստականներ են, ովքեր, ի տարբերություն ադրբեջանցի փախստակնների, մինչ այժմ նյութական որևէ փոխհատուցում չեն ստացել, իսկ բարոյական բաղադրիչի մասին խոսելն անգամ անիմաստ է։

Չենք քննարկի նաև հակահայ ատելության դրսևորումները և այն փաստը, որ նույն ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները մասնակցել ու շարունակում են մասնակցել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմներին ու շրջափակմանը։

Ոչ ոք չի ժխտում ադրբեջանցի և հայ փախստականների գոյության փաստը, բայց վերադառնանք այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին», որին ադրբեջանական կողմը փորձում է առանձին քաղաքական սուբյեկտ դարձնել։

Դասական առումով այն հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Լեռնային Ղարաբաղից Ադրբեջան արտագաղթած փախստականների։ Թուրալ Գյանջալիևի ղեկավարած այս կազմակերպության նման կազմակերպության կարգավիճակ ունի նաև Արցախում գործող «Ադրբեջանից հայ փախստականների միություն» ՀԿ, որի ղեկավարը Սարասար Սարյանն է։

Երկու կազմակերպություններն էլ ներկայացնում են փախստականների հետաքրքրությունները, ինչը բնական է։ Անբնական ու կողմնակալ են միայն ադրբեջանական կազմակերպությանը հատուկ վերաբերելու փորձերը, որի մասին խոսվում է գոնե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարություններում։ Առավել անտրամաբանական ու անհեթեթ է փախստականների այս կազմակերպության և Արցախի Հանրապետության միջև զուգահեռների անցկացումը։

Եթե ադրբեջանական կողմը իր համար այնքան է խեղաթյուրել խնդրի էությունը, որ կարող է նման ցանկության մասին խոսել, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք այցելում են Արցախ ու հանդիպումներ ունենում ընտրված իշխանությունների ներկայացուցիչների հետ, կառուցողական մոտեցումներից ելնելով պետք է ադրբեջանական կողմին բացատրեն նման նրբությունները։

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի փախստականները մասնակցում են Ադրբեջանում անցկացվող ընտրություններին և իշխանությունների ձևավորմանը այնպես, ինչպես Ադրբեջանից հայ փախստականներն են մասնակցում Արցախի Հանրապետությունում անցակցվող ընտրություններին։

Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը ներկայացնելով իր ժողովրդին՝ ներկայացնում է նաև վերոհիշյալ ադրբեջանցի փախստականներին, ճիշտ այնպես, ինչպես Արցախի Հանրապետության նախագահը՝ ներկայացնելով իր ժողովրդին՝ ներկայացնում է նաև վերոհիշյալ հայ փախստականներին։ Հետևաբար, այս համատեքստում Ադրբեջանի նախագահին հավասար սուբյեկտն Արցախի նախագահն է։

Բանակցությունների Ստեփանակերտ-Բաքու-Երևան ձևաչափին չհամաձայնելու և Ստեփանակերտ-ՀԿ-Բաքու-Երևան ձևաչափ առաջ քաշելու գաղափարի տակ երկու հիմնավորում կարող է լինել՝

ա․ ԼՂ-ից ադրբեջանցի փախստականները չեն վստահում Ադրբեջանում անցկացվող ընտրություններին և իրենց նախագահ Իլհամ Ալիևին,

բ․ Ադրբեջանի հերթական ապակառուցողական հնարքն է, որը ցույց է տալիս բանակցությունների միջոցով հիմանդխնդրի լուծմամբ նրա հետաքրքված չլինելու հանգամանքը։

Թերևս կարիք կա հիշեցնելու, որ այս բոլոր տարիներին համակամարտության լուծմանը միտված երկու կարևոր փաստաթուղթ է ստորագրվել, երկուսն էլ եռակողմ՝ Ստեփանակերտ-Բաքու-Երևան ձևաչափով (Հրադադարի մասին համաձայնագիր, 1994թ. և Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիր, 1995թ.)։ Այնպես որ Ադրբեջանը գիտի համաձայնության հասնելու արդյունավետ ու կարճ ուղին և պետք է միայն հիշեցնել դրա մասին։

Անուշ Ղավալյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական