Կացության քարտի խնդիր չկա, իսկ ինձ ԱԱԾ-ը մեղադրում է մի բանում, որի հետ որևէ առնչություն չունեմ. «Օրբելի» կենտրոնի արտաքսված փորձագետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և արտաքսել երկրից: Այս առնչությամբ Tert.am-ը զրուցել է Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։

– Պարոն Հովհաննիսյան, Ձեզ Հայաստանից արտաքսելու մասին գրառում եք արել: Ասել եք, որ Ձեզ արտաքսել են, ինչո՞ւ եք Ձեր՝ Հայաստան մուտքի արգելքը համարում արտաքսում, գուցե փաստաթղթային խնդիրներ կան:

– Ես առաջին իսկ օրվանից պնդում էի, որ որևէ խնդիր կացության քարտի հետ չկա։ Դրա մասին ինձ դեպքի ժամանակ և դրանից հետո ասել են նաև Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցները։ Ավելին, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության հյուպատոսն ինձ ասաց, որ զրույց է ունեցել Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության պետի հետ, ով հաստատել է, որ փաստաթղթերի հետ կապված չկա որևէ խնդիր։

– 2019թ հունվարից աշխատում եք ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնում՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։ Ինչո՞ւ են Ձեզ արտաքսել, ըստ Ձեզ, նպատակը ո՞րն է:

– Այս պահին ես չեմ կարող տալ հստակ գնահատական այս ամենին։ Բայց, ինչպես հայտնի է դարձել, ինձ ԱԱԾ-ի աշխատակիցները մեղադրում մի բանում, որի հետ ես որևէ առնչություն չունեմ։ Ես արդեն հստակ պատասխանել եմ, որ եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և Հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։

– Ինչպե՞ս, ի՞նչ ընթացակարգով եք ընդունվել աշխատանքի:

– 2018թ․ դեկտեմբերին ՀՀ վարչապետի աշխատակազմի ,Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնե ՊՈԱԿ-ից ինձ հրավիրել էին հարցազրույցի, որտեղ ես տեղեկացա, որ շուտով նախատեսվում է ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» վերլուծական կենտրոնի բացումը։ Ծանոթ լինելով իմ գիտական արդյունքներին՝ ինձ հրավիրեցին աշխատանքի՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։

-Նշել եք, որ եթե հայաստանյան իշխանությունների կողմից համապատասխան (ոչ էմոցիոնալ) արձագանք և լուծում չտրվի Ձեր խնդրին, ապա կարող եք եզրակացնել, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված գործողություն էր: Ինչո՞ւ, ո՞վ պետք է պլանավորեր:

– Ինձ հետ արդեն կապ են հաստատել իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները։ Հուսով եմ, որ իրենց միջոցով հնարավորություն կունենամ իրազեկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստեղծված անհեթեթ իրավիճակի մասին։

– Դուք այդ 12 ժամվա ընթացքում, երբ մնացել եք օդանավակայանում, ո՞ւմ եք դիմել, ինչպես եք փորձել պաշտպանել Ձեր իրավունքները:

– Քանի որ ես Ղազախստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապա առաջին հերթին դիմել ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության հյուպատոսին, ով անմիջապես սկսել է զբաղվել այս հարցով։ Նաև դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենին, ով ևս փորձել է տեղեկություն ստանալ ստեղծված իրավիճակի մասին, սակայն, ցավոք, մինչ ինձ արտաքսելու պահը ոչ ոք ոչինչ ճշտել չկարողացավ։

– ՊՈԱԿ-ից Ձեզ հետ կապ հաստատե՞լ են, չեն հարցրել Ձեր՝ աշխատանքի չներկայանալու պատճառը, մեզ պարզապես չի հաջողվում Հովհաննես Մովսիսյանի հետ կապ հաստատել և մեկնաբանություն ստանալ:

– Առաջին իսկ օրվանից ՊՈԱԿ-ում տեղյակ են այս դեպքի մասին։ Վստահ եմ, որ հիմա էլ անում են ամեն ինչ, որպեսզի ես կարողանամ վերադառնալ Հայաստան։

– Նշել եք, որ ուսման ընթացքում պատիվ եք ունեցել ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային գիտաժողովներում և մրցույթներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում, Վրաստանում և մի շարք այլ պետություններում։ Գուցե այժմ, եթե կրկին ներկայացնում եք Հայաստանը, Ձեր և ՀՀ իշխանության տեսակետները չե՞ն համընկնում իրար:

– Չունեմ նպատակ խառնել միմյանց ազգային շահերն ու այս իրավիճակը։ Իհարկե, ինձ հաճելի չէ, որ ես գտնվում եմ այսպիսի տհաճ իրավիճակում, բայց միևնույն է, ազգային շահն ինձ համար ամենից վեր է։ Անկախ ամեն ինչից՝ ես շարունակելու եմ իմ հայանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում։

– Երբևէ, աշխատանքային գործունեության ընթացքում խնդիրներ ունեցե՞լ եք:

– Ո՛չ ուսման, ո՛չ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ խնդիր երբևէ չեմ ունեցել։