«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցն առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության». Նիկոլ Փաշինյան

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Փաշինյանն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, նշել է.

«Չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար,- նշել է Փաշինյանը համոզմունք հայտնելով, որ դա հակամարտության խաղաղ և տևական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռման հնարավորություն։

Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:

«Նախ և առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ և լուրջ հետևանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝

https://www.primeminister.am/hy/press-release/item/2019/11/20/Nikol-Pashinyan-ISPI/