Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

2018-ի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով: Նպատակս մեկն էր` թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: Այս մասին Զագրեբում (Խորվաթիայի Հանրապետություն) Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել: Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ ինքը հեռացավ, որպեսզի իր ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, որոնք իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ:

«Հիմա ես այստեղ եմ` բարձրաձայնելու այդ մտահոգությունները` պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում: Այո, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը, բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, Սարգսյանն ասաց․ «Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես շատ լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած` անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև։