«Ամերիկյան որոշ պետպաշտոնյաներ իսկական հիմարներ են»

Դեկտեմբերի վերջն ու նոր տարվա առաջին օրերն արձանագրեցին հետաքրքրության հերթական բռնկումներ Իրանի շուրջ իրադարձությունների նկատմամբ։ Դիտարկենք որոշ իրադարձություններ և հայտարարություններ ժամանակագրական կարգով։

Հունվարի 4-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոխհրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին, ինչպես հաղորդում էր IRNA գործակալությունը, հայտարարեց. «Իրանի հասցեին ԱՄՆ-ի իշխանությունների սպառնալիքները արդյունավետ չեն, քանի որ այդ երկրի (այսինքն՝ ԱՄՆ-ի) ռազմական հզորությունն ու քաղաքական ռացիոնալությունը նվազում են»։ Նա նշեց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի դավերը ձախողվեցին, և դա հանգեցրեց տարածաշրջանի պետությունների միջև համագործակցության ամրապնդման։

«Չնայած բոլոր վերելքներին և անկումներին ու Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմներին, այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը անվտանգ երկիր է տարածաշրջանում»,-ամփոփել է զորահրամանատարը։

Հավելեմ, որ դատելով Իրանի նախկին նախագահ, այաթոլլա Ալի Ակբար Փաշեմի Ռաֆսանջանիի մահվան երկրորդ տարելիցի առթիվ հունվարի 10-ին իր ելույթի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արած հայտարարությունից, իրանական տնտեսությունը ոչ միայն պարզապես «շնչում է», այլև սրընթաց զարգանում՝ գերազանց հեռանկարներով։ Չէ՞ որ տնտեսության զարգացման բացակայության դեպքում տնտեսում են փողերը, որպեսզի հնարավոր լինի դիմանալ ծանր ժամանակահատվածին։ Բայց, ինչպես հաղորդում է «Mehr News» գործակալությունը, Ռոհանին ընդգծեց, որ ամենամոտ ժամանակներս Իրանը կիրականացնի «երկու նոր արբանյակների արձակում ուղեծիր»։ Համաձայնենք, ճգնաժամային տնտեսություն ունեցող երկիրը չէր կարող իրեն թույլ տալ նոր քայլեր անել տիեզերքում։

Բրիգադային գեներալ Սալամիի հայտարարությունից հետո Թեհրանից արվեցին հակաամերիկյան, նաև հակաեվրոպական հայտարարություններ։ Ինչպես հաղորդել է «Fars News» գործակալությունը, Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի կարող շարունակել ճնշում գործադրել և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել երկար ժամանակ շարունակ։

«ԱՄՆ-ը ստեղծեց «Ալ Ղայիդան» և «Իսլամական պետությունը», բայց Իրանը բախման մեջ մտավ դրանց հետ, և, վերջապես, ինքը՝ Թրամփը, ստիպված եղավ ընդունել, որ իրենք 7 տրիլիոն դոլար են ծախսել տարածաշրջանում, բայց ոչինչ չեն ստացել»,- ասել է Ջահանգիրին, ելույթ ունենալով Թեհրանում ընթացող տնտեսական համաժողովում։

Նա վկայակոչել է Իրանի դեմ Վաշինգտոնի էմբարգոն և ասել. «Այս ժամանակաշրջանը երկար չի ձգվի, քանի որ ԱՄՆ-ի պատժամիջոցները բոլորովին ռացիոնալ չեն և աջակցություն չունեն։ ԱՄՆ-ը փորձում է փակել Իրանի եկամտի հիմնական աղբյուրը, այսինքն՝ նավթի վաճառքը, քանի որ ըստ իրենց երևակայածի, ցանկանում էին զրոյի հասցնել նավթի վաճառքները, բայց անհաջողության մատնվեցին Աստծո ողորմածությամբ»։

Հետաքրքիր փաստ. Ջահանգիրիի հայտարարությունները ժամանակային առումով համընկան ԱՄՆ սենատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագծի արգելափակմանը։ Դժվար է պատկերացնել, թե ամերիկյան դեմոկրատները հանկարծ դարձել են Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի դաշնակիցներ, բայց քաղաքական մարտավարության նկատառումները թելադրեցին ամերիկյան դեմոկրատներին ձեռքերի ազատություն չտալ Թրամփին նշյալ երեք երկրների դեմ պատժամիջոցների հարցում։

«Mehr News»-ի տեղեկացմամբ, այն բանից հետո, երբ հունվարի 8-ին Նիդերլանդների արտգործնախարարությունը հատարարեց, որ ԵՄ երկրները համաձայնվել են սառեցնել Իրանի հետախուզական ստորաբաժանման ակտիվները՝ Եվրոպայում ենթադրվող ծրագրված հարձակումների հետ կապված, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրեց «Twitter» -ում, որ հիշեցնում է ահաբեկիչներին թաքցնելու համար ԵՄ-ի պատասխանատվության մասին։ Զարիֆի խոսքերով, «եվրոպացիները, ներառյալ՝ Դանիան, Հոլանդիան և Ֆրանսիան, թաքցնում են ՄԷԽ-ին»։ Խոսքը «Մոջահեդդին-է Խալք» տխրահռչակ ահաբեկչական կազմակերպության մասին է, որը տեղակայված է Եվրոպայում և պատասխանատու է բազմաթիվ դաժան մահափորձերի անցկացման համար, որոնց հետևանքով հազարավոր իրանցի պաշտոնյաներ ու հասարակ մարդիկ են սպանվել 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակներից ի վեր։ Արտգործնախարարի հայտարարությունից որոշ ժամանակ հետո Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարեց, որ Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ-ի որոշման առնչությամբ։ Ինչպես այնուհետ հաղորդեց IRNA-ն, Թեհրանի ինչ-որ դիվանագիտական աղբյուր այդ առնչությամբ հատարարել է, որ հաշվի առնելով ահաբեկչական հայտնի խմբավորումներին եվրոպական երկրների ցուցաբերած աջակցությունը, Իրանը շուտով կվերանայի անվտանգության ոլորտում իր համագործակցությունը Եվրոպայի հետ։

«Անդրադառնալով Իրանի երկու քաղաքացիների և Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության կառույցի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԵՄ-ի ակտին, երեկ վեց դեսպաններ և գործերի հավատարմատարներ դիմել են Իրանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի պարզաբանեն ԵՄ-ի որոշումը, բայց նրանց անընդունելի արտահայտությունների պատճառով հանդիպումն ավարտվել է 10 րոպե անց»,-ասել է տվյալ դիվանագիտական աղբյուրը։

Այսինքն, կոպիտ ասած, Իրանի ԱԳՆ-ը դուրս է հրավիրել եվրոպական դիվանագետներին՝ իրենց «պարզաբանումներով» հանդերձ, ըստ երևույթին, «ներեցեք մեզ, բայց դա ԱՄՆ-ի պատճառով է, հասկացեք ու ներեք մեզ» կարգի։ Հավելեմ, որ երբ Իրանի մակարդակի երկիրը ԵՄ անդամ պետություններին սպառնում է վերանայել համագործակցությունն անվտանգության ոլորտում, ապա դա առավել քան լուրջ է։ Եվ եվրոպացիները դա գերազանց գիտեն… Ինչպես տեսնում ենք, ԵՄ-ի դեպքում պաշտոնական Թեհրանը հրաժարվեց լսել ու ընդունել «եվրոպական դիրքորոշման պարզաբանումները»։ Եվ կարելի է վստահ լինել, որ եթե հակաիրանական քայլերի և որոշումների դիմեն ԱՊՀ անդամ ինչ-որ պետություններ, Թեհրանի արձագանքը է՛լ ավելի կտրուկ կլինի, և ոչ մի «պարզաբանում» նույնպես չի օգնի, ենթադրենք, Ղըրղզստանին կամ Ադրբեջանին։ Նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների ամերիկամետ կառավարությունների նկատմամբ Իրանի վերաբերմունքի մասին ես ընդհանրապես կլռեմ։

Իրանի արտգործնախարարության հիշյալ վերաբերմունքից հետո սկսվեց հաղորդագրությունների հեղեղ, որոնցից հետևում էր, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հակաիրանական պատժամիջոցների առնչությամբ Արևմուտքում, իսկապես, «ամեն ինչ չէ, որ կարգին է»։ Նախ, IRNA-ի տեղեկացմամբ, Լեյդենի համալսարանի (Նիդերլանդներ) իրանցի դասախոս, պրոֆեսոր Մոհամմադ Բագեր Ֆարուխը հայտարարել է, որ իրանական «Չեհբեհարը» օվկիանոսյան միակ նավահանգիստն է, որտեղ կարող են կառանվել ահռելի նավեր։ Արդյունքում՝ «ԱՄՆ-ը հարկադրված ազատեց «Չեհբեհար» նավահանգիստը պատժամիջոցներից՝ շնորհիվ դրա միջազգային արդյունավետության և Եվրոպայի կողմից նախագծին ցուցաբերվող հետաքրքրության»։ Այնուհետ «Bharat Petroleum» հնդկական պետական նավթընկերությունը, որն երեք ամիս առաջ դադարեցրել էր իրանական նավթի գնումները, հայտարարեց, որ կվերականգնի Իրանից նավթի գնումը հաջորդ ամսվանից։ Այդ ընկերությունից հետո «Hindustan Petroleum» նավթագազային ընկերությունը նույնպես հայտարարեց փետրվարին իրանական նավթի գնման մասին։

IRNA–ն նշում է, որ «Bharat Petroleum»-ն ու «Hindustan Petroleum»-ն ընթացիկ տարվա փետրվարին 2 մլն բարել նավթ կգնեն Իրանից։ Իսկ Հնդկական նավթային կորպորացիան, որը 2019թ. հունվարին հայտ է ներկայացրել Իրանից 5 մլն բարել նավթ գնելու մասին, հայտարարել է, որ փետրվարին նույնպես կներկրի 5 մլն բարել իրանական նավթ։ Վերջապես, հունվարի 10-ին «Reuters» գործակալությունը վկայակոչելով էներգետիկայի գծով հարավ-կորեական պաշտոնյային, հաղորդեց, որ Հարավային Կորեան նույնպես որոշել է վերականգնել Իրանից նավթի ներկրումը հունվարի վերջից կամ փետրվարի սկզբից։

Կարծում եմ, հենց ներկայացված հաղորդագրություններն են հնարավորություն տալիս հասկանալ, թե ինչու հունվարի 9-ին Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին Կումում 1978թ. հունվարի 9-ին տեղի ունեցած ապստամբության պատվին, IRNA-ի տեղեկացմամբ, դիմելով այդ քաղաքի ժողովրդական ժողովին, հայտարարել է. «Ամերիկյան որոշ պետպաշտոնյաներ ձևացնում են, թե իրենք խելագար են. Իհարկե, ես համաձայն չեմ նրանց հետ, բայց նրանք, իրոք, իսկական հիմարներ են»։ Ի դեպ, «Mehr News» գործակալությունն ավելի անողորմ էր. «իսկական հիմարներ» արտահայտությունը թարգմանել էր որպես «առաջնակարգ ապուշներ»։

 

Սերգեյ Շաքարյանց