Թուրքիան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կալանավորված լրագրողների թվով

Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից ներկայացված վերջին զեկույցի համաձայն՝ Թուրքիայում կալանավորված է ավելի քան 120 լրագրող, ինչը վատագույն ռեկորդային ցուցանիշ է: Երկրում արտակարգ դրության ավարտից հետո էլ վիճակը չի բարելավվել։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ընթացքում մոտ 150 000 դատավոր, գիտնական, պետծառայող հեղաշրջման փորձի հետևում կանգնած լինելու կասկածանքով հեռացվել է աշխատանքից:

Աշխարհում լրատվամիջոցների դրությունն ուսումնասիրող Մամուլի միջազգային ինստիտուտն իր զեկույցում նշել է նաև, որ Թուրքիայում բազմաթիվ լրագրողների դեմ քրեական գործեր են հարուցված շատ ծանր մեղադրանքներով, ինչպես օրինակ՝ ահաբեկչական խմբավորումներին անդամակցելը։

Ներկայումս բանտերում գտնվող լրագրողների թիվը արտակարգ դրության ժամանակաշրջանի համեմատ 160-ից նվազել է 120-ի, բայց նույնիսկ այդ նվազումից հետո Թուրքիան իր այդ ցուցանիշով շարունակում է «առաջատար» մնալ ողջ աշխարհում։