«Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթում հաղթած Լուիզա Սարգսյանի աշխատանքը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթում առաջին տեղ զբաղեցրած Լուիզա Սարգսյանի աշխատանքը։

Լուիզան 10 տարեկան է, սովորում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդի Հ. Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցում։

Իմ ընկեր Դանին

-Օգնե՞մ քեզ:

-Օգնե՞ս,- ժպտաց նա ու ինձ նայեց իր խոշոր, սև աչքերով: Ես հանեցի նրա վերարկուն, կախեցի, և մենք ծանոթացանք: Այդ պահին ես ինձ հերոս զգացի:

Երբ մեր ուսուցչուհին ասաց, որ մեր դասարան նոր աշակերտ է գալու, մենք այնքան էլ լավ չընդունցինք այդ լուրը, մանավանդ որ պետք է նրան լավ վերաբերվեինք, որովհետև նա մի փոքր տարբերվում է մեզանից: Մի շաբաթ չանցած՝ մեր դասարան մտավ նա՝ Դանին: Ես մտքումս ստեղծել էի արդեն նրա կերպարը, բայց անակնկալի եկա, երբ տեսա, որ Դանին ոչ թե արտաքնապես է տարբերվում, այլ ունի հենաշարժողական խնդիրներ: Ու քանի որ ազատ էր իմ նստարանը, նա նստեց կողքիս: Մեզանից ոչ մեկը չհասկացավ՝ ինչքան արագ ընտելացանք իրար ու մտերմացանք: Մենք միասին նկարում էինք, թղթե նավակներ ու ինքնաթիռներ պատրաստում և ուրախանում նրանց «թռիչքով»: Նրա ինքնաթիռներն ավելի գեղեցիկ էին ստացվում և ավելի երկար էին մնում օդում: Ճիշտ է, Դանին ամեն ինչ դանդաղ է անում, բայց նա առանձնահատուկ է, կարծես հրաշագործ մատներ ունենա: Մեր դանդաղելը բարկացնող է, իսկ նրանը՝ երբեք:

Մենք սիրով ու հոգատարությամբ շրջապատեցինք նրան, փորձում ենք օգնել՝ ինչով կարողանում ենք: Իսկ ո՞վ է ասում, որ նա տարբերվում է մեզանից, գուցե մե՞նք ենք տարբեր, գուցե մե՞նք պետք է փոխենք մեր մտածելակերպը:

Դանին բարի է, պատրաստ է իր ունեցածը կիսել երեխաների հետ, և, որ ամենակարևորն է, երախտագետ ժպիտն անպակաս է նրա դեմքից: Նա մեզ սովորեցրեց շատ կարևոր մի ճշմարտություն. երբեք մարդուն չպետք է դատել արտաքինով, այլ պետք է ընկերանալ նրա հոգու հետ, ընդունել նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Ու արդեն իմ դպրոցը, իմ դասարանը և իմ առօրյան ես չեմ պատկերացնում առանց Դանիի, առանց իմ թանկագին ընկերոջ: