Թբիլիսիում ընդդիմությունն այսօր կշարունակի բողոքի ակցիաները

Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաների կազմակերպիչներից Շոթա Դիգմելաշվիլին հայտարարել է, որ այսօր՝ նոյեմբերի 19-ին, Թբիլիսիում ծրագրված է անցկացնել 2 ակցիա՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ ցուցարարները կպահանջեն բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակումը, և Ռուսթավելի պողոտայում: Այս մասին տեղեկացրել է netgazeti.ge կայքը:

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, վրացի հատուկջոկատայինները ցրել էին ցույցը և բացել էին խորհրդարանի մուտքերը: Ընդդիմադիրներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով գործող իշխանությունների հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: