Վարչապետի խոսնակը՝ «Օրբելի» կենտրոնի փորձագետի դեպքի առնչությամբ

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները մեկնելիս վերցրել են կացության վկայականը, իսկ վերադարձին արդեն՝ արգելել երկիր մուտքը և  արտաքսել:

LIVEnews.am-ը տեղեկացրել էր այս մասին՝ հղում տալով Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջին։

Անդրանիկ Հովհաննիսյանի մայրը՝ Սուսաննա Առաքելյանը, որ բնակվում է արտերկրում, բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշել էր.

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, Ձեզանից պահանջում եմ պատասխան, ինչո՞ւ են ավագ որդուս արգելել մուտք գործել Նոր Հայաստան։ Թե՞ Նոր Հայաստանը այլևս հայրենասեր հայերի հայրենիքը չէ։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ շատ շուտով Հայաստան եմ այցելելու։ Հուսով եմ, որ իմ մուտքը ՀՀ ևս արգելափակված չէ»:

Թեմայի առնչությամբ 168.am-ը դիմել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին: Հարցին՝ արդյո՞ք որևէ արձագանք լինելու է Սուսաննա Առաքելյանի նամակին, Վ. Կարապետյանը պատասխանել է.

«Ընդունված կարգով դրա մասին հայտնի կդառնա: Բոլոր նամակներին արձագանքում է վարչապետի աշխատակազմը»:

Հարցին, թե հաշվի առնելով, որ խնդիրն առնչվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից կենտրոնի փորձագետին, որևէ մեկնաբանություն կա՞ այս պահին, Կարապետյանն պատասխանել է. «Ես պատասխանեցի արդեն»: