Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան

Մեր ժամանակների հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի չարաբաստիկ գիշերը շատ հայորդիների համար չլուսացավ:

Այդ գիշեր արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին։

Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքն անձնազոհաբար պաշտպանելիս էլ զոհվեց 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը (Մոնումենտցի Կյաժը)․․․

Հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իր վրա վերցրեց վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի՝ վեց զինծառայողից բաղկացած դասակը։ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ հետ մղել հակառակորդին: Արմենակը գիտակցելով, որ այլևս դիմադրել անհնար է ռազմական տեխնիկայով սպառազինված մեծաքանակ թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր…

Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո ոտքից վիրավոր կրտսեր սերժանտ Աբաջյանն իր վրա վերցրեց հրամանատարությունը և մինչև վերջին փամփուշտը շարունակեց միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ՝ կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։

Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը հանում է իր մոտ մնացած վերջին նռնակը, մի քիչ հապաղում, որպեսզի հակառակորդն ավելի մոտենա իրեն, ապա իր հետ պայթեցնում հակառակորդի մի քանի զինվորի։

Այդ անհավասար մարտում զոհվեցին Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը հրամանատար Արմենակ Ուրֆանյանը, մյուսները վիրավորվեցին․․․

Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչում, պարգևատրվեց «Ոսկե արծիվ» և Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշաններով։ Աբաջյանն առաջինն է, որը կրտսեր սերժանտ լինելով, բարձրագույն կոչման է արժանացել: Նա 24-րդն է, որ արժանացել է«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, և կոչման ամենաերիտասարդ կրողն է:

Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996 թ. նոյեմբերի 16-ին՝ Երևանում։ 2003 թ. ընդունվել է Երևանի N 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թ.։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ՝ այն ավարտելով 2014-ին։ Այնուհետև ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։ Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014 թ.: Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

2016 թվականի նոյեմբերի 16-ին հարազատ կրթօջախում հերոսի հիշատակին դասարան է անվանակոչվել: