Լավրովի այցի ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը վերահաստատել են նախկին դիրքորոշումները

Պարոն Լավրովը՝ Սերգեյ Վիկտորին, ավարտեց այցը մեր երկիր: Ավելորդ է հիշեցնել մեր համաքաղաքացիներին, որ նման բարձրաստիճան քաղաքական գործիչների բանակցությունները Հայաստանի ղեկավարության հետ միշտ էլ առաջնահերթ նշանակություն ունեն ողջ հայ ժողովրդի համար: Օրինակ, ինչ-որ մեկը կասի, որ Սիրիայի Էլ-Քամիշլի քաղաքում հայ քահանայի և նրա որդու սպանությունը «կապ չունի» այն փաստի հետ, որ Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում անցկացրել է հաջող (Մոսկվայի շահերի առումով) բանակցություններ: Ինչ-որ մեկը ի վիճակի՞ է համոզիչ կերպով հիմնավորել և ապացուցել դա: Կասկածում ենք, որ կգտնվեն իրական և ծանրակշիռ փաստարկներ: Քանզի ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է. և մի՞թե ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Փոլ Սթրոնսկին  չէր, որ 2019 թվականի մարտին «նախատում էր» Հայաստանին այն բանի համար, որ մեր երկիրը մասնակցում է սիրիական մեկ այլ քաղաքում`Հալեպում, մարդասիրական առաքելությանը: Եվ արդյո՞ք նա չէ օգոստոսի 19-ին հայտարարել մեր «Առաջին լրատվականին», որ իբր ենթադրում է, թե մեր Կառավարությունն իսկապես ճնշման տակ է գտնվում: Եվ կրկին հաստատեց, որ Միացյալ Նահանգները «գոհ չէ» մեր երկրից. «Ամերիկյան կառավարության որոշումը՝ նվազեցնել ամերիկյան օգնությունը, պայմանավորված է նրանով, որ Հայաստանը որոշել է ԱՄՆ-ի կողմից մարզված հայ սակրավորներին ուղարկել Սիրիա՝ ռուսական առաքելության շրջանակներում»:

Մեր երկրում շատերը չեն հիշում այս ամենը: Ինձ թվում է, որ պարզապես չեն ցանկանում հիշել. Չէ՞ որ երկիրը «եվրոպական ստանդարտների» ճանապարհին է, ներառյալ «ԼԳԲՏ խմբերի հանդեպ սիրո» և այլն: Եվ նման իրավիճակում Լավրովը գրեթե երկու օր մնացել է Երևանում: Հերթական անգամ կրկնում ենք՝ շատերը չեն հիշում կամ չեն ցանկանում հիշել, ընդունել, սակայն անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սպասում է ՀՀ կառավարության կողմից հատուկ փաստաթղթի հաստատմանը, որը վերաբերում է ռուսաստանյան ռազմական փորձագետների անխափան մուտքին ԱՄՆ Պենտագոնի կողմից ֆինանսավորվող մեր կենսալաբորատորիաներին: Եվ ահա միջանկյալ արդյունքը. ռուսաստանյան ռազմական փորձագետների՝ հայկական կենսաբանական լաբորատորիաներին անխափան մուտքի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, հայտարարել է Լավրովը նոյեմբերի 11-ին՝ երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների միջև բանակցությունների արդյունքում: Նա շեշտել է, որ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագրի տեքստի քննարկումն ավարտված է, և այժմ փաստաթուղթը պետք է համաձայնեցվի այլ ատյաններում: Լավրովը հույս ունի վաղաժամ համաձայնության գալ. «Հուսով ենք, որ այն կստորագրվի մոտ ապագայում, սա լրացուցիչ հնարավորություն կստեղծի մեր փոխգործակցության համար կենսաբանական անվտանգության ոլորտում»: Ի դեպ, անձամբ ես՝ Սերգեյ Էդուարդի Շաքարյանցս, արդեն 2 տարի անընդմեջ նախազգուշացնում եմ իմ երկրին, որ Ռուսաստանից հետո նմանատիպ անհապաղ «խնդրանք» Հայաստանին կներկայացնի նաև մեր հարևան Իրանը։ 2017 թվականի փետրվարին Թեհրանում իրանցի դիվանագետների հետ շփումները թույլ են տալիս ինձ հանդես գալ նման նախազգուշացմամբ:

Բայց, իհարկե, մեր բնակչության 99%-ին հետաքրքրում էր, թե ինչ է ասելու Լավրովը Արցախի մասին: Նրա խոսքերը պետք է դանդաղ և գիտակցաբար կարդալ: Մեջբերենք մի հատված. «Բոլորի համար պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, անհնար կլինի որևէ պայմանավորվածություններ ձևակերպել: Հայաստանը պարզապես չի ստորագրելու դրանք: Մենք ելնում ենք դրանից: Ուզում եմ նշել, որ մեր հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է իր հրապարակային հայտարարությունը, որում ասվում է, որ վերջնական պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և Հայաստանի, և Ղարաբաղի, և Ադրբեջանի շահերը: Դրա հետ դժվար է վիճել… Տարածքային ամբողջականության, ինքնորոշման և վեճերի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք քննարկվում են կողմերի միջև: Ամեն դեպքում, վերջնական որոշումը պետք է հաշվի առնի բոլոր այս սկզբունքները: Ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն վիճում դրա հետ»: Ավելացնել կարելի է միայն այն, որ ըստ Թիֆլիսի հայկական մասի բնիկի խոսքերի՝ «համանախագահները [այսինքն. ԵԱՀԿ Մինսկի խմբի] փորձում են ապահովել, որ այդ փոխզիջումն ազնիվ լինի և արտացոլի իրական, արդար բալանսը»: Իսկ թե ում մասին և ինչի մասին բացահայտ ակնարկեց Լավրովը՝ խոսելով այն մասին, թե ինչպես ստացվեց, որ Արցախը 1997-ի հունվարից ի վեր հայտնվեց կարգավորման նվիրված բանակցային գործընթացի անմիջական բանակցություններից դուրս, պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, ովքեր չեն տառապում ամնեզիայից և հիշում են ամեն ինչ 90-ականների իրադարձությունների մասին:

Եզրակացությունների ժամանակը դեռ չի եկել: Ենթադրում ենք, որ դա կլինի, երբ, օրինակ, Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիրը համաձայնեցվի Ռուսաստանի և մեր երկրի բարձրագույն մարմինների կողմից: Իսկ, մյուս կողմից, հնարավոր է, որ հայ-ռուսական հարաբերությունների մի քանի այլ արդիական խնդիրներ կտեղաշարժվեն մեռած կետից: Ճիշտ է, Պոլ Սթրոնսկին և «Քարնեգի» հիմնադրամը կարող են կրկին «նեղանալ»: Բայց, նախ, նեղացածների վրա ջուր են լցնում: Երկրորդ, ամբողջ Հայաստանը տեսնում է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը ռազմաքաղաքական դաշնակիցներ են, առանց, այսպես կոչված, «տարբերակների»:

Սերգեյ Շաքարյանց