ԱԺ խմբակցությունները նպաստեցին Սահմանադրության դրույթների պահպանմանը․ Էլինար Վարդանյան

Վերջին օրերին մեր երկրի կյանքում չափազանց հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. քվեարկության դրվեց օրենսդրական փոփոխության նախագիծ, որն, ըստ էության, հակասում էր սահմանադրությանը, և այն պատգամավորները (խմբակցությունները), որոնք դեմ քվեարկեցին, ուղղակի թույլ չտվեցին սահմանադրության ոտնահարում։

Ազգային ժողովի կողմից «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի ընդունումը, որով նախատեսվում էր ԱԽ նիստերին ԱԺ նախագահի մասնակցությունը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, կհակասեր Սահմանադրությանը։

Կարծում եմ, որ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 5-րդ հոդվածը նախատեսում է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժի մասին դրույթները։ Սահմանադրությունը նախատեսում է նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Իսկ ինչ լիազորություններ է նախատեսում Սահմանադրությունը Ազգային ժողովի և ԱԺ նախագահի համար։ Սահմանդրության 88-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ 104-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը: Օրենսդիր իշխանության ղեկավարի իրավասությունները արդեն իսկ հստակ նախանշված է վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակով: Սահմանադրության 5,6, 88 և 104 հոդվածներից բխում է, որ Ազգային ժողովի և ԱԺ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ և նոր լիազորություններ չեն կարող սահմանվել։

Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ինչը ենթադրում է, որ ԱԺ-ն չի կարող հանդես գալ գործադիր իշխանության իրավասությանը վերապահված մարմիններում։ 152-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետն է գլխավորում Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Անվտանգության խորհրդի սահմանումը կառավարությանը վերաբերող գլխում, ըստ էության, նշանակում է, որ այս մարմնում, բացի գործադիր իշխանության համակարգի մարմիններից, որևէ այլ մարմնի ներկայացուցչի ներգրավումը կլինի հակասահմանադրական՝ իշխանության տարանջատման սկզբունքի տեսանկյունից։

Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Եվ քանի որ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակումը անվտանգության խորհրդի կողմից, հաստատում է այն փաստը, որ ԱԽ-ը հանդիսանում է գործադիր իշխանության մարմին։ Ընդ որում, այս մարմնի նկատմամբ Սահմանադրության ուժով վերահսկողություն է իրականացնում Ազգային ժողովը։ Կարծում եմ, որ ԱԺ նախագահի կողմից Անվտանգության խորհրդի աշխատանքներին ֆորմալ առումով ցանկացած մասնակցություն կբերի իշխանությունների տարանջատման սկզբունքի և Սահմանադրական նորմերի խախտման։

Հետևաբար, ԱԺ խմբակցություններն իրենց քվեարկությամբ պարզապես նպաստել են Սահմանադրության դրույթների պահպանմանը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»