«Խոզի գրիպից» մահվան դեպք արձանագրվել է նաև Հայաստանում

Հայաստանում արձանագրվել է մահվան դեպք՝ «խոզի գրիպի» վիրուսից (H1N1, А գրիպի վիրուսի ենթատեսակ)։ Այս մասին, Interfax.ru-ի տեղեկացմամբ, հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Այս տարի արձանագրվել է մահվան մեկ դեպք,- այսօր լրագրողներին ասել է Վանյանը։- Մահացել է H1N1 վիրուսով ախտահարված մի կին։ Նա տառապում էր նաև այլ հիվանդոթյուններով»։

Ըստ Վանյանի, համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում վերահսկելի է։ «Ներկայումս բուժօգնություն ստանալու համար դիմել է 1251 մարդ, 693-ը ստացիոնար բուժում է ստանում»,- ասել է նա։

«Ավելի վաղ հարևան Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է տարեսկզբից ի վեր 15 մարդու մահը «խոզի գրիպից»,- գրել է Interfax.ru-ն։- Ըստ վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Վրաստանում «խոզի գրիպի» վիրուսով հիվանդացության մահացու դեպքերի մեծամասնության պարագայում խոսքը վերաբերում է մինչև 40 տարեկան անձանց։

Ըստ որում, բժիշկները  հավաստիացնում են, որ մահվան դեպքերի գերակշիռ մասի պարագայում հիվանդները ուշ են դիմել բժշկական օգնության և ունեցել են զուգընթաց քրոնիկական հիվանդություններ»։