ՀՀ-ից իրականացվող թռիչքների ուղղությունները կավելանան, ոլորտում հեղափոխություն կլինի

Հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ: Կառավարության նիստում այդ մասին նշեց Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Ունենք հաստատված ութ նոր ուղղություններ, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացումը՝ դրանց թիվը կլինի տասից ավելի: Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից»,- ասաց Ռևազյանը:

Նրա խոսքով՝ «Ryan Air»-ն արդեն հաստատել է չորս ուղղություն, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը: Վերջինս առաջիկա հունվարին 2-ական չվերթներ է իրականացնելու գերմանական ու իտալական 2-ական ուղղություններով:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, 10-ից ավելի ուղղությունների մասին է խոսքը:

«Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: