Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին համերգ կկազմակերպվի

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին: Երեկոն կանցկացվի նոյեմբերի 19-ին, ժամը 20։00: Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու:

Երեկոյին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Եզեկյան), Վահան Արծունին (մեներգ,կիթառ)
Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա):

Վերջերս կյանքից հեռացավ աշխարհահռչակ հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը՝ հայ ժամանակակից քանդակագործության հիմնադիրներից մեկը, ում ստեղծագործության մեջ համամարդկային աղետները, ցեղասպանությունները, մարդկային կյանքի դրամատիզմը, տառապանքն ու վիշտը կենտրոնական թեմաներն են եղել։ Խաչվելով մեր ազգային, պատմական և հոգևոր կերպարային նշանաբանության հետ՝ Արտոյի արվեստում դրանք գտնում են կերպարային լուծումներ աբստրակտ ֆորմաների, քայլող մարդու, Նարեկացու և Կոմիտասի փոխակերպություններով։ Վարդապետի թեման անցնում է կարմիր գծով Չաքմաքչյանի ամբողջ արվեստի միջով՝ դառնալով բանալի, որով բացում ենք հեղինակի ստեղծագործական որոնումների խորությունը, ապրումներն ու քանդակագործական պլաստիկայի յուրօրինակ դրսևորումների էությունը։
Չաքմաքչյանի աշխատանքները ներկայացված են ամբողջ աշխարհում, գտել են վաղուց իրենց բարձր գնահատականը, իսկ կոմիտասյան թեման, քաղաքային սկուլպտուրայի ձևաչափով, ներկայացված է Միացյալ Նահանգներում և ո՜չ Հայաստանում՝ իր Հայրենիքում։
Հիշատակի համերգը միջոց է մեր հարգանքի տուրքը մատուցելու Վարպետին՝ ներկայացնելով նրա կապը Կոմիտասյան թեմայի հետ՝ կերպարվեստի, բանաստեղծության և երաժշտության միջոցով։ 2004 թվականին Արտո Չաքմաքչյանը ձևավորել է Վահան Արծրունու Կոմիտասի բանաստեղծություններով գրված «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ներկայացնող ալբոմը։
Հիշատակի համերգին հանրությանը կներկայացվեն Արտոյի կոմիտասյան շարքի գրաֆիկական աշխատանքները և երգաշարի համերգային կատարումը։