Հայկական, քրդական և հունական կառույցները Սպիտակ տան մոտ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Էրդողանի այցի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի՝ բողոքի ցույց անցկացնելով Սպիտակ տան մոտ:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցությունների ողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդեմ Թուրքիայի քաղաքականության, Էրդողանի այցի և նրա ընդունելությանը Սպիտակ տանը:

«Էրդողանին մեծ պատվով են դիմավորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելության պատիվը նա չէր վաստակել և արժանի չէր: Մենք մտահոգված ենք այս առիթով»,- նշել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Հիասթափված եմ, որ այս գործչին, որը վերջին տարիներին բազմիցս ոտնահարել է ամերիկյան արժեքները և շահերը, պատասխանատու է ամերիկացիներին ծեծի ենթարկելու համար հենց ամերիկյան հողի վրա, արժանացնում են Սպիտակ տան կարմիր գորգին»,- ասել է հունական Hellenic American Leadership Council (HALC) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդոսը:

Արամ Համբարյանը կարևորում է բողոքի ցույցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկյան քաղաքական վերնախավին թուրքական քաղաքականության վերանայման համար: Նա վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը փոխվում է և մատնանշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին այս բանաձևի մասին խոսել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը փաստաթուղթը բնութագրել է որպես վիրավորանք թուրք ազգին: Նրա կարծիքով՝ այս բանաձևը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, և նա հույս ունի, որ ԱՄՆ Սենատի անդամները չեն աջակցի այս պահին Սենատում շրջանառվող Հայոց ցեղասպանության մասին նմանատիպ բանաձևը:

Քրդական «Հանուն Ռոջեմի արտակարգ հանձնախմբի» ղեկավար Օսլեմ Գոնարը ևս դատապարտում է Էրդողանի այցը Վաշինգտոն և Սպիտակ տանը նրան պատվով ընդունելու փաստը: Նա քննադատում է ԱՄՆ-ին ու Թուրքիային փակ դռների հետևում առանց քրդերի մասնակցության վերջիններիս ճակատագրի շուրջ բանակցելու համար:

Օրվա երկրորդ կեսին բողոքի ցույցի մասնակիցների մի խումբ հավաքվել է Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ գտնվող Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհի տարածքում, որտեղ 2017 թվականի մայիսին նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու նրա կողմնակիցները ծեծի էին ենթարկել հակաէրդողանական ցույցի մասնակիցներին: Արամ Համբարյանը հիշեցրել է, որ Էրդողանը որևէ պատասխանատվություն այդպես էլ չկրեց միջադեպի համար, և այս հարցում, ըստ նրա, մեղքի իր բաժինն ունի նախագահ Թրամփը:

«Որպես ԱՄՆ նախագահ՝ նա պարտավոր է հարգել և պաշտպանել մայրաքաղաք Վաշինգտոնում առանց վախի ազատ արտահայտվելու ամերիկացիների իրավունքը»,- ընդգծել է Համբարյանը: