Սատանիզմը, անբարոն ու հակաքրիստոնեականը պաշտպանել- հովանավորելուց զատ, հարձակվել են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վրա

Հարձակվել են վարչապետով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարով, նրա տեղակալ Արևիկ Անափիոսյանով… Այս թվարկումը կարելի է շարունակել, բայց, կարծում ենք, նշվածը բավարար է:

«Ֆեյսբուք»-ի իր էջում օրերս անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացվող «բարեփոխումներին», ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը որպես զարգացման ծրագրերի, մասնավորապես` հանրակրթության չափորոշիչների բարեփոխման ծրագրի համակարգող, նշել է.

«Հինա, ի՞նչ նպատակ ենք դնում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առջև: Եթե նպատակը Հայ եկեղեցու դերի և կարևորության ընդգծումն է հայ ժողովրդի պատմության, գոյության և զարգացման մեջ, ապա դա լավագույնս, ըստ իս, կարելի է անել «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի միջոցով, որտեղ եկեղեցու դերն ու կարևորությունը անհերքելի է: Եթե նպատակը սովորողների արժեքային հենքի ձևավորումն է, ապա դա ոչ թե 1, այլ բոլոր առարկաների նպատակն է: Եվ թույլ տվեք այստեղ հիշել, որ նախորդ կյանքում, 2008-ից փորձագիտական աշխատանք եմ իրականացրել Հայաստանում և այլուր ու կարծես թե մի քիչ պատկերացում ունեմ այն թեմաների մասին, որի ձևի ու բովանդակության շուրջ խոսում ենք»:

Պարզվում է, ԿԳՄՍ նախարարի տեղակալը նույնիսկ իրենց` «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների գիլյոտինի տակ հայտնված առարկայի ճիշտ անվանումն էլ չգիտե. ոչ թե «Հայ եկեղեցու պատմություն», այլ «Հայոց եկեղեցու պատմություն»:

Ավելին. նույնիսկ 2008-ից փորձագիտական աշխատանքն Արևիկ Անափիոսյանին չի օգնել տվյալ թեմայի մասին գոնե մի քիչ պատկերացում ունենալու համար: Այլապես նա նախևառաջ պետք է հասկանար, որ հանրակրթական դպրոցներում «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդումն ընդամենը մեկ նպատակ չունի, տվյալ առարկայի առջև միայն խնդիր չէ, որ դրված է: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի նպատակը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության ուսուցումն է մեր աշակերտներին, և Եկեղեցու դերի ու կարևորության ընդգծումն հայ ժողովրդի պատմության, գոյության և զարգացման մեջ, և քրիստոնեական եկեղեցիների հիմնական ուղղությունները ներկայացնելը, որպեսզի աշակերտները, ի վերջո, հասկանան, թե աշխարհում ինչ քրիստոնեական եկեղեցիներ կան, և ինչու է մերը կոչվում առաքելական, և սովորողների արժեքային հենքի ձևավորումը, քրիստոնյա մարդ դաստիարակելը, և… Այս թվարկումը կարելի է շատ երկար շարունակել, և առաջիկայում խնդրին դեռ հանգամանորեն կանդրադառնանք, սակայն այժմ երկու փաստ արձանագրենք.

  1. Նախ, «Հայ ժողովրդի պատմություն» առարկան չունի այդպիսի գործառույթ, չունի վերոնշյալ նպատակները: Բացի այդ, հիշյալ և այլ նպատակներին «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի միջոցով հասնելն ուղղակի անհնար է, քանի որ առանց այն էլ ծանրաբեռնված տվյալ առարկան հնարավոր չէ այդ աստիճան ծանրաբեռնել` դրանում ներառելով այժմ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի միջոցով դասավանդվողը կամ, թեկուզ, դրա կեսը: Ավելին` փաշինյանական իշխանությունը բնավ չունի այդպիսի մտադրություն, նրա նպատակը տվյալ առարկան դպրոցից հանել, ոչնչացնելն է, և Հայոց եկեղեցու պատմության սոսկ մի չնչին հատվածը «Հայ ժողովրդի պատմություն» առարկայում ներառելը: Անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, ստում են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե խնդիրը հնարավոր է լուծել «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի միջոցով, այն լրացնելով Հայոց եկեղեցու պատմությամբ:
  2. ԿԳՄՍ նախարարի տեղակալը կամ իր անգիտության (կին լինելու հանգամանքը նկատի ունենալով, չեմ ուզում ավելի խիստ բառ կամ բնորոշում օգտագործել) հետևանքով, կամ միտումնավոր կերպով ստում է, թե սովորողների արժեքային հենքի ձևավորումը ոչ թե 1, այլ բոլոր առարկաների նպատակն է: Օրինակ, ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան չունեն այդպիսի նպատակ, նրանք աշակերտի մոտ չեն ձևավորում մարդասիրություն, սեր, գութ, կարեկցանք, խղճմտանք, էլ չեմ ասում` Աստծո հանդեպ համապատասխան վերաբերմունք: Առանց այդ արժեքային հենքն ունենալու է, որ ֆիզիկային, մաթեմատիկային, քիմիային գերազանց տիրապետողները ստեղծեցին մարդակուլ ատոմային ռումբն ու քիմիական զենքը:

Անափիոսյանի ֆեյսբուքյան հիշյալ գրառմանը, ինչպես նաև տվյալ թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներին, դեմագոգիային ու լոլոներին դեռ կանդրադառնանք: Մեկ անգամ ևս ընդգծենք` նախատեսելով դպրոցներից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները, նրանք բացահայտում են իրենց իրական դեմքը:

Արթուր Հովհաննիսյան