Ժամանակին հանված անարդյունավետ ծրագրերը կրկին հայտնվել են 2020թ. պետական բյուջեում․ Արթուր Գրիգորյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով` 2020թ. պետական բյուջեով բազմաթիվ անհասկանալի ծախսեր են նախատեսված, հստակ չէ դրանց հիմնավորվածությունը, թափանցիկ և արժանահավատ չեն: Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը:

«Մասնավորապես, պետական բյուջեից ֆինանսավորվող «այլ ծախսեր» հոդվածում 3 մլրդ 782 միլիոնը չի հասկացվում, թե ինչի համար է: Սա ոչ թափանցիկ գործելաոճ է»,-ասաց նա:

Պատգամավորի համար անհասկանալի է նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի «այլ ծախսեր» հոդվածը:

«Դրա համար նախատեսված է 11 մլրդ 856 միլիոն դրամ: Կրկին անհասկանալի է, թե ինչ ծախսեր են, որոնք բացվածք չունեն, և մենք չգիտենք` ինչի համար պետք է ծախսեր իրականացնենք»,-նշեց նա:

Բագրատյանը խնդրահարույց համարեց նաև գիտության ոլորտին հատկացվող բյուջեի 1,5 մլրդ դրամ թերֆինանսավորումը: «Եթե մենք համարում ենք, որ տնտեսություն պետք է անցկացնենք գիտելիքահենք գործառույթով և գիտելիքահենքությունը պետք է ապահովենք գիտության նկատմամբ վերաբերմունքով, և մենք 1,5 մլրդ դրամով նվազեցնում ենք հատկացվող ծախսերը, այլևս գիտության պահպանման խնդիր ենք լուծում: Այսինքն` ընդամենը աշխատավարձ ստանան, կարողանան հացի խնդիր լուծել: Գիտությունն այդպես չեն զարգացնում»,-նշեց Բագրատյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն էլ ուշադրություն հրավիրեց 2020 թ. պետական բյուջեով նախատեսված սոցիալական ոլորտին, մասնավորապես, զբաղվածության ծրագրերին:

«Մենք ունենք 2019 թ. պետական բյուջեով կատարված որոշակի ծրագրեր, և նույն ծրագրերը նույնությամբ նախատեսել ենք 2020 թ.: Պետական քաղաքականությունը սոցիալական ոլորտում միանշանակ պետք է միտված լինի աղքատության հաղթահարմանը, և զբաղվածության ոլորտում իրականացվող այդ ծրագրերը պետք է խթան լինեն, որ Հայաստանի Հանրապետությունում հաղթահարվի աղքատությունը»,-ասաց պատգամավորը` նշելով, թե զբաղվածության ոլորտում  1 մլրդ 820 մլն-ի ծրագիր է իրականացվում, բայց որևէ ծրագրի վերաբերյալ չկա որոշակի վերլուծություն, կամ թե ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվում, և ինչպիսի արդյունք է ակնկալվում:

«Այս բոլոր ծրագրերը, կարելի է ասել, անարդյունավետ ծրագրեր են: Դրանց մեջ եղել են այնպիսիք, որ նույնիսկ ժամանակին հանվել են` ոչ արդյունավետ լինելու պատճառով, սակայն, չգիտես ինչու, այսօր կրկին հայտնվել են 2020թ. պետական բյուջեում»,- ասաց Արթուր Գրիգորյանը: