Թուրքիան ծավալուն գործողություն է իրականացնում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ

Ավելի քան երկու հազար թուրք ուժայիններ մասնակցում են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ նոր գործողությանը երկրի հարավ-արևելքում։ ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հանրապետության ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 13-ին հայտարարություն է տարածել։

«Քիրան-6» գործողությունը տեղի է ունենում Վան, Հաքյարի և Շռնաք նահանգներում։ Նպատակը ձմեռային շրջանին ՔԱԿ նախապատրաստությունը կանխելն է, երբ կազմակերպության անդամները ամրություններ են կառուցում, ստեղծում են ենթակառույց՝ թուրքական տարածքում իրենց գործունեությունն ապահովելու համար։ Գործողությանը մասնակցում է ժանդարմերիայի և նահանգային ուժային կառույցների 2360 աշխատակից։

Քրդական աշխատավորական կուսակցությունը 1984-ից զինված պայքար է մղում Թուրքիայի՝ գերազանցապես քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններին անկախություն տրամադրելու համար։ 2015 թվականի հուլիսին հակամարտության սրացումից հետո սպանվեցին մի քանի հազար թուրք զինծառայողներ և հարյուրավոր գրոհայիններ։

Նշենք, որ Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցությունը համարվում է անջատողական ահաբեկչական կազմակերպություն։