2018-2019 թթ․ արտագաղթի միտումները նվազել են մոտ 90 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմային՝ ասել է. «Կա այսպիսի կարևոր վիճակագրություն. անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո ԵՄ տարածքում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով»:

«ՀՀ-ում անշարժ գույքի գները վերջին 1,5 տարվա ընթացքում հսկայական աճ են արձանագրել: Սա մի բանի արդյունք է, որ հին և նոր Սփյուռքի մեր շատ հայրենակիցներ ուղղակի Հայաստանում անշարժ գույք են գնում: Կառավարության ռազմավարությունը հետևյալն է. հատկապես նոր Սփյուռքի ներկայացուցիչների վերադարձի համար բոլոր հնարավորություններն ստեղծել, այսինքն դա դիտարկել որպես ռազմավարական խնդիր:

Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն սկսեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: 2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտ 90 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մինչև վիզաների ազատականացման թեմայով լուծումների հանգելը Հայաստանում արտագաղթի տեմպերը կնվազեն 100 տոկոսով և մենք կունենանք ներգաղթի գործընթաց. «Եվ մեր քաղաքացիները վիզաների ազատականացման ինստիտուտը կօգտագործեն ոչ թե ՀՀ-ից փախչելու, այլ որպես արդեն աշխարհի հպարտ քաղաքացի, ազատ տեղաշարժի իրենց իրավունքն իրացնելու համար:

Ես հույս ունեմ, որ տնտեսության, նաև կրթության ոլորտում մեր բարեփոխումների արդյունքում փոխել ընդհանրապես ՀՀ-ի կերպարը, իմիջը, ՀՀ քաղաքացու իմիջը, ընդհանրապես Հայաստանում սկսած ինձնից վերջացրած մյուսներով ՀՀ քաղաքացիների կրթական մակարդակը անընդհատ բարձրացնելու խնդիր լուծել, որպեսզի մեր որևէ քաղաքացու հայտնվելը ԵՄ տարածքում որևէ բացասական ազդեցություն չունենա մեր երկրի, մեր ազգի, ժողովրդի կերպարի և իմիջի վրա:

Հայաստանը պետք է հպարտ լինի Սփյուռքով, Սփյուռքն էլ Հայաստանով: Ես համոզված եմ, որ այդ խնդիրն իրար հետ կլուծենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: