ԱԺ-ն ընդունեց ջրօգտագործման բնագավառում առկա չարաշահումների կրճատմանը միտված օրինագիծը

Ազգային ժողովն այսօրվա՝ նոյեմբերի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կրճատել այդ բնագավառում առկա չարաշահումները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց 81 կողմ, 1 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորի խոսքով՝ գործող օրենքում բացակայում են ոռոգման ջրի թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաև ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջև հսկողություն իրականացնելու իրավական հիմքերը: Եվ առաջարկվող փոփոխությունների կիրարկումը կհանգեցնի ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում և կկրճատի բնագավառում առկա չարաշահումները` նպաստելով  ջրի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը: