Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդինի նահանգի Դարգեչիթ բնակավայրում` Թիրբիք անունով հայտնի տարածքում տեղակայված են հայկական և ասորական գերեզմանոցները։
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, այդ թաղամասում բնակվող ասորի Աբդուլմեսիհ Էրգյունը հայտնում է, որ չնայած բազմաթիվ հորդորներին՝ 2016թ. մարտին «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կողմից քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձը նախագիծ է հեղինակել, ըստ որի՝ հայկական և ասորական գերեզմանոցների տեղում պիտի կառուցվեր ազգային զբոսայգի և հարսանյաց սրահ։ Այդ նախագիծը կյանքի է կոչվել: Նախագծի իրականացման համար պետությունը հատկացրել է 1մլն 270 հազար թուրքական լիրա (220.000 դոլար):
Էրգյունը պատմում է, որ նախագիծն իրականացնողները կանգ չառան նույնիսկ այն ժամանակ, երբ փոքր երեխայի գերեզման հայտնաբերվեց՝ վրան խաչի նշանով։
Նման տարածքում զվարճանքի վայր և զբոսայգի կառուցելը, ըստ ասորի բնակչի, առնվազն անբարոյականություն է, խղճի դեմ արվող անմարդկային քայլ։