Թեժ վիճաբանություն Ազգային ժողովում․ Գևորգ Պետրոսյանը կզրկվի՞ ձայնի իրավունքից (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ընտանեկան օրենսգրքում» և օրենքով արգելել սեռափոխված անձանց և միասեռականների ամուսնությունների գրանցումը։
Պատգամավորը հարց հնչեցրեց․ «Ով դեմ է քվեարկելու՝ այդ մարդն իր ընտանիքում կուզենա՞ր այդպիսի երևույթ տեսներ»։
Հարցադրումը թեժացրեց կրքերը խորհրդարանում, ինչին անմիջապես արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ի՞նչ եք խոսում, էդ ինչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք։ Սրա ձևն արդեն չափ ու սահման չունի։ Հիմա մեկը, ով դեմ քվեարկի, պետք ա ասեք՝ սրա-նրա ընտանիքում սենց-նե՞նց»,- ասաց ԱԺ նախագահը՝ հրահանգելով գտնել և իրեն տալ այն կարգավորումը, որը սահմանում է պատգամավորին ձայնի իրավունքից զրկելը։
Պետրոսյանի ներկայացրած նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց։