16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51,2 մլն դոլարի փոխհատուցում վճարել

Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295,5 մլն թուրքական լիրայի (ավելի քան 51,2 մլն դոլարի) փոխհատուցում վճարել։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատագամավոր Ալփայ Անթմենի հարցմանը։

Նախարարությունը մանրամասնել է, որ Թուրքիայից ՄԻԵԴ ներկայացված հայցերի ընդհանուր թիվը կազմել է 110․000, որոնցից 3 128-ի դեպքում ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել։ Այդ որոշումներից 2 840-ը կայացվել է վերջին 16 տարվա ընթացքում։

Հավելենք նաև, որ Թուրքիայի դեմ ներկայացված դատական հայցերում այդ երկիրը հիմնականում մեղադրվել է արդար դատավարության իրավունքի, ազատության և անվտանգության իրավունքի, խոսքի ազատության, խաղաղ ցույցեր ու հավաքներ կազմակերպելու, ապրելու իրավունքի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումների մեջ։