Մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ լրագրողի հարցին:

«Մենք չեն խոսում ինչ-որ մերձեցման, ջերմացման մասին: Երբ ունենք հարևաններ, որոնք պատմության, աշխարհագրության կողմից են տրված: Մենք հարաբերություններ ենք զարգացնում բոլորի և նրանցից յուրաքանչյուրի հետ: Սա ստույգ է ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ մեր բոլոր գործընկերների առումով, այնպիսի երկրների առումով, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, արևելաեվրոպական երկրները: Մենք ցանկանում ենք բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Եվ ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը: 2010 թվականին ամենաակտիվ կերպով նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Չնայած նաև նախազգուշացրել ենք շատ չտարվել այս գաղափարով և հատկապես այն հաշվարկներով, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել անկախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարարն ափսոսանք հայտնեց Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ:

«Մենք շարունակում ենք պատրաստ լինել: Դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի շահագրգռվածությունը: Պատրաստ ենք մեր հնարավորություններն օգտագործել այն նպատակով, որ առաջ մղենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը: Բացարձակապես որևիցե հիմք չենք տեսնում ենթադրելու, որ այս երկրների միջև ինչ-որ մեկը պատերազմ կսկսի, և ամեն դեպքում մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն, համագոյակցություն և փոխշահավետ համագործակցություն հաստատելուն»,- նշեց նա: