Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. ուղիղ

Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դիմաց վերսկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի: Ուսանողները նախատեսել են շրջել տարբեր բուհերով, ապա բողոքի գործողությունը շարունակել նախարարության դիմաց:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, վերսկսվելու է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց, իսկ Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունն իրականացնում է բողոքի ակցիա՝ ընդդեմ վերջին շրջանում նախարարության իրականացրած և ծրագրվող նախագծերի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց`պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ծանրամարտիկ, սեռափոխությունից հետո Նիդեռլանդներում հաստատված Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար 20 մլն դրամ դրամաշնորհ տրամադրումը, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։