Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Կապանում ստորագրահավաք են կազմակերպել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները «Հաղթանակ» խորագիրը կրող շարժումով այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում ստորագրահավաք են կազմակերպել` ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի:

Ստորագրահավաքի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այժմ շատերը կան, որ վախեցած ու քաշված վիճակում են և ստորագրահավաքին մասնակցել չեն ցանկանում:

«Կոչ եմ անում իմ զինակից ընկերներին՝ հասկանալ, գիտակցել ու տեսնել, թե ինչ է կատարվում երկրում: Չի կարելի այդքան արհամարհել այն, ինչ կատարվում է մեր պետության ներսում: Հարկավոր է, որ մարդիկ հասկանան, ոտքի կանգնեն, տեր լինեն իրենց երկրին, իրենց ճակատագրերին, իրենց արժեհամակարգին: Պարտավոր են ոտքի կանգնել»,- ասել է նա:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ «Միացի՛ր» կարգախոսով շարժումը նպատակ ունի պետությանն ու ազգին փրկել ներկայիս իրավիճակից: «Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է: Եթե ճշմարտորեն նայենք՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է: Եվ սա վրեժխնդրության զգացում է, որը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի և իր թիմի մոտ․»- ամփոփեց նա:

Ստորագրահավաքին մասնակցում են հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներ՝մեկնաբանելով՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն ապoրինի է: